1Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։
3Քեզնով համբերողները պիտի չամաչեն, Այլ անօրենները պիտի ամաչեն իրենց ունայնության համար։
4Ո՜վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները Եվ քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ։
5Ինձ քո ճշմարտությա՛մբ առաջնորդիր Եվ ուսուցի՛ր ինձ, քանզի դու ես իմ փրկիչ Աստվածը, Եվ ես հանապազ քեզ եմ սպասում։
6Հիշի՛ր, Տե՜ր, քո գթություններն ու ողորմությունները, Որոնք հավիտենական են։
7Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։
8Քանի որ դու քաղցր և ուղիղ ես, Տե՜ր, Մեղավորներին ճանապարհ ես ցույց տալիս,
9Հեզերին առաջնորդում ես ճիշտ որոշման Եվ սովորեցնում ես քո ճանապարհները։
10Տիրոջ բոլոր ճանապարհները գթառատ ու ճշմարիտ են Նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը։
11Քո անվան համար, Տե՜ր, քավի՛ր իմ մեղքերը, քանզի շատացան։
12Այն մարդը, որ երկնչում է Տիրոջից, Նրանից է սովորում՝ ինչ ճանապարհ ընտրի։
13Նրա անձը բարության մեջ կհանգչի, Եվ նրա զավակը երկիրը կժառանգի։
14Տերն իրենից երկյուղածների զորությունն է Եվ իր ուխտն է սովորեցնում նրանց։
15Իմ աչքերը մշտապես Տիրոջն են ուղղված, Եվ նա է ոտքերս հանում որոգայթից։
16Նայի՛ր և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ և աղքատ եմ ես։
17Սրտիս նեղությունները խիստ շատացան. ազատի՛ր ինձ իմ վշտերից։
18Տե՛ս իմ խոնարհությունն ու իմ վաստակը Եվ թողությո՛ւն տուր իմ բոլոր մեղքերին։
19Տե՛ս, թշնամիներս որքա՜ն շատացան Եվ նանիր ատելությամբ ինձ ատեցին։
20Պահի՛ր իմ անձը և ազատի՛ր ինձ, Մի՛ թող, որ ամաչեմ, որովհետև քեզ վրա հույս դրեցի։
21Անբիծ և ուղիղ մարդիկ ինձ միացան, Եվ ես սպասեցի քեզ, Տե՜ր։
22Փրկի՛ր Իսրայելին, Աստվա՜ծ, իր բոլոր նեղություններից։