1Դպրապետին՝ լուսածագին։ Սաղմոս Դավթի
2Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, նայի՛ր ինձ, Ինչո՞ւ լքեցիր ինձ. Հանցավոր խոսքերիս պատճառով Ուշացավ փրկությունն իմ։
3Աստվա՜ծ իմ, ցերեկով քեզ աղոթեցի, Բայց ինձ չլսեցիր, Եվ գիշերվա մեջ, բայց ինձ չանսացիր։
4Սրբերի մեջ ես ապրում դու Եվ գովերգվում Իսրայելում։
5Քե՛զ հուսացին մեր հայրերը, Քեզ հուսացին, և փրկեցիր նրանց։
6Դեպի քեզ իրենց ձայնը բարձրացրին և ապրեցին, Քեզ հուսացին և չամաչեցին։
7Ես որդ եմ և ոչ թե մարդ, Մարդու կապկանք, Ժողովրդի կապկանք։
8Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ՝ Շարժելով շուրթերը և օրորելով գլուխներն իրենց.
9«Հուսաց Տիրոջը, Ուրեմն թող ազատի և փրկի նրան, Եթե նա հաճելի է Տիրոջը»։
10Դու ես, որ հանեցիր ինձ արգանդից, Մորս ստինքներից իմ հույսը դարձար.
11Քե՜զ հանձնվեցի ես արգանդից, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը։
12Մի՛ հեռացիր ինձանից, Քանզի վտանգները մոտ են, Եվ չկա մեկը, որ օգնի ինձ։
13Բազում եզներ շրջապատեցին ինձ, Եվ գեր ցուլերը, պաշարելով ինձ,
14Ինձ վրա բացեցին բերաններն իրենց՝ Մռնչացող և հափշտակող առյուծի նման։
15Ես հեղվեցի ջրի նման. Իմ բոլոր ոսկորները խախտվեցին, Եվ սիրտս հալած մոմ դարձավ որովայնիս մեջ։
16Խեցու նման չորացավ իմ զորությունը, Լեզուս քիմքիս կպավ, Եվ ինձ իջեցրին մահվան հողի մեջ։
17Շուրջս բազում շներ հավաքվեցին, Եվ չարագործների խմբերն ինձ պաշարեցին։ Ձեռքերս ու ոտքերս ծակեցին
18Եվ հաշվեցին բոլոր ոսկորներս. Նրանք ուշիուշով նայեցին ու տեսան ինձ։
19Իրար մեջ բաժանեցին իմ հագուստները Եվ պատմուճանիս վրա վիճակ գցեցին։
20Դու, Տե՜ր, օգնությունդ մի՛ հեռացրու ինձանից Եվ ինձ օգնելո՛ւ շտապիր, Տե՜ր։
21Փրկի՛ր ինձ սրից Եվ շների ձեռքերից՝ միամորիկիս։
22Ազատի՛ր ինձ առյուծի բերանից Եվ խոնարհությունն իմ՝ ռնգեղջյուրից։
23Պիտի հռչակեմ քո անունն իմ եղբայրներին Եվ օրհնեմ քեզ հավաքի մեջ։
24Տիրոջ երկյուղածնե՛ր, օրհնե՛ք Տիրոջը, Եվ Հակոբի ամեն զավակ թող փառաբանի նրան։ Իսրայելի սերնդի ամեն զավակ թող երկյուղի Տիրոջից,
25Քանզի Տերը չարհամարհեց, Չանարգեց աղքատիս աղոթքը Եվ ինձնից երես չդարձրեց, Այլ երբ աղոթեցի, ինձ լսեց։
26Քեզանից եմ սկսում օրհներգությունս մեծ հավաքներում։ Ուխտս պիտի կատարեմ Նրա բոլոր երկյուղածների առջև։
27Անտունները պիտի ուտեն ու հագենան, Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան. Նրանց սրտերը պիտի ապրեն հավիտյանս հավիտենից։
28Երկրի բոլոր ծագերը կհիշեն և դեպի Տերը կդառնան, Բոլոր ազգատոհմերը կերկրպագեն նրան,
29Որովհետև Տիրոջն է արքայությունը, Եվ նա է տիրում բոլոր հեթանոսների վրա։
30Կերան և երկրպագեցին նրան Երկրի բոլոր կշտացածները. Բոլոր հող իջնողները Նրա առջև պիտի ընկնեն։ Նրանով է հոգիս ապրում,
31Եվ նրան պիտի ծառայի իմ զավակը։ Գալիք սերունդներին պիտի պատմեն Տիրոջ մասին,
32Դեռ ծնվելիք ժողովրդին, որին Տերն ստեղծեց, Պիտի պատմեն արդարության մասին։