Psalms 18
1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2 Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։
3 Օրն օրվան փոխանցում է այս ամենը, Գիշերը գիշերվան փոխանցում է այս գիտելիքը։
4 Չկան բառեր, և խոսքեր չկան, Որոնց միջից չլսվեն ձայները նրանց։
5 Նրանց բարբառը լսելի եղավ ամբողջ աշխարհին, Եվ նրանց խոսքերը հասան մինչև ծագերն աշխարհի։ Երկնքում արևը հաստատեց
6 Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։ Ցնծում է նա որպես մարզիկ, Որ վազում է իր ճանապարհով։
7 Երկնքի մի ծագում է նրա ծագումը, Եվ մյուս ծագն է հասնում նրա անիվը, Եվ չկա մեկը, որ թաքնվի նրա տապից։
8 Տիրոջ օրենքներն անբիծ են Եվ դարձի են բերում հոգիները, Տիրոջ վկայությունը ճշմարիտ է Եվ իմաստուն է դարձնում մանուկներին։
9 Տիրոջ արդարությունն ուղիղ է Եվ ուրախացնում է սրտերը, Տիրոջ պատվիրանները լույս են Եվ լույս են տալիս աչքերին։
10 Տիրոջից երկյուղը սուրբ է Եվ մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, Միևնույն ժամանակ՝ արդար։
11 Ավելի ցանկալի են ոսկուց Եվ թանկագին քարերի բազմությունից, Քաղցր են մեղրի խորիսխից։
12 Քանի որ քո ծառան պահպանում է դրանք, Պահպանելու վարձն էլ մեծ կլինի։
13 Ո՞վ կարող է իր հանցանքները մտապահել. Իմ գաղտնի մտքերից մաքրի՛ր ինձ, Տե՜ր,
14 Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային. Ապա թե ինձ չտիրեն, Այնժամ ես անբիծ կլինեմ Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։
15 Բերանիս խոսքերը թող հաճելի լինեն քեզ, Եվ սրտիս խորհուրդներն ամեն ժամ քո առջև լինեն, Տե՜ր, Օգնակա՛ն իմ և փրկի՛չ իմ։