1Աղոթք Դավթի Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։
2Քո կողմից թող գա դատաստանս, Եվ աչքերն իմ տեսնեն ուղղությունը։
3Փորձեցիր սիրտն իմ և քննեցիր գիշերով, Փորձեցիր ինձ, Եվ անիրավություն չգտնվեց իմ մեջ։
4Բերանն իմ չի պատմի Մարդկանց որդիների գործերից, Քո շուրթերի խոսքերի շնորհիվ Ես դժվար ճանապարհները կպահեմ։
5Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։
6Ես ձայն տվեցի քեզ, Տե՛ր, Քանի որ միայն դու կլսես ինձ, Աստվա՛ծ. Դեպի ի՛նձ խոնարհեցրու ունկդ Եվ լսի՛ր իմ խոսքերը։
7Սքանչելի դարձրիր քո ողորմությունը, Դու, որ քո աջի հակառակորդներից Փրկում ես քեզ հուսացողներին,
8Ինձ պահպանի՛ր աչքի բիբի պես, Քո թևերի հովանու տա՛կ առ ինձ
9Ամբարիշտների երեսից, Որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիները պաշարեցին ինձ,
10Իրենց ճարպով պարարտացան, Եվ նրանց բերանը ամբարտավանություն խոսեց։
11Մերժեցին ինձ Եվ այժմ, դարձյալ շուրջս պտտվելով, Ուշիուշով խորհեցին ինձ գետին տապալել։
12Ինձ թվացին իբրև առյուծ, Որ որսի է պատրաստ, Եվ իբրև առյուծի կորյուն՝ դարանակալ։
13Արի՛, Տե՜ր, հասի՛ր և դիմակայի՛ր նրանց, Փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից Եվ թշնամու ձեռքից։
14Կորցրո՛ւ նրանց երկրի երեսից, Ցրի՛ր և պատժի՛ր նրանց ըստ արժանվույն. Նրանց որովայնները լցվեցին քո գաղտնի պահված գանձերից, Հագեցան կերակուրներով Եվ մնացյալը թողեցին իրենց երեխաներին։
15Ես արդարությամբ կերևամ քո առջև, Կհագենամ քո փառքի երևալով։