1Սաղմոս Դավթի Տե՜ր, ես քեզ աղոթեցի, լսի՛ր ինձ. Լսի՛ր աղոթքիս ձայնը քեզ աղոթելիս։
2Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տե՜ր, Ձեռքերիս բարձրացումն էլ՝ որպես երեկոյան ընծա։
3Իմ բերանին, Տե՜ր, պահապա՛ն դիր Եվ ամուր դուռ՝ իմ շուրթերին,
4Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝ Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ, Որոնք անօրենություն են գործում. Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։
5Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
6Նրանց դատավորները գահավիժեցին ժայռի մոտ, Թող լսեն իմ խոսքերը, որ քաղցր են.
7«Ինչպես հողի թանձրությունը, որ սփռված է Երկրի վրա, այնպես պիտի ցրվեն Նրանց ոսկորները դժոխքի մոտ»։
8Տե՜ր, Տե՜ր, դեպի քեզ են աչքերս ուղղված, քեզ հուսացի, Հոգիս մի՛ հանիր ինձնից։
9Պահի՛ր ինձ իմ դեմ լարված որոգայթից Եվ անօրենություն գործողների գայթակղությունից։
10Մեղավորները թող ընկնեն նրա ցանցերի մեջ, Մինչև ես անցնեմ։