1Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները
2Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս,
3Երեսդ մի՛ դարձրու ինձանից. Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը, Այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ։
4Իմ օրերը ծխի նման սպառվեցին, Եվ ոսկորներս խռիվի պես չորացան։
5Սիրտս խոցվեց և ցամաքեց խոտի նման, Իմ հեծության ձայնից մոռացա հացս ուտել։
6Ոսկորս մարմնիս կցվեց. Ես նմանվեցի անապատի հավալուսնի,
7Ես ավերակի բուի նման եղա,
8Տքնեցի ու եղա Ինչպես միայնակ ճնճղուկ տանիքում։
9Թշնամիներս ամեն օր նախատեցին ինձ, Ինձ գովողներն ինձնով երդվեցին։
10Իբրև հաց՝ մոխիրը կերա Եվ ըմպելիքս արտասուքով խառնեցի
11Քո բարկության ու զայրույթի երեսից, Որովհետև դու ինձ բարձրացրիր և խոնարհեցրիր։
12Օրերս անցան ստվերի նման, Եվ ես խոտի նման ցամաքեցի։
13Դու, Տե՛ր, հավիտյան կաս, Եվ քո հիշատակը՝ սերնդեսերունդ։
14Դու պիտի ելնես և գթաս Սիոնին. Հասել է ժամը, ժամանակն է նրան գթալու։
15Քո ծառաները հավանեցին նրա քարերը Ու գթացին նրա հողին։
16Հեթանոսները կերկյուղեն քո անունից, Եվ երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։
17Տերը Սիոնը կշենացնի Եվ իր փառքով կերևա այնտեղ։
18Նայեց խոնարհների աղոթքին Եվ չարհամարհեց նրանց խնդրանքները։
19Պիտի գրվի այս գալիք սերնդի համար. Ժողովուրդը, որ ստացավ այն, օրհնելու է Տիրոջը։
20Նայեց նա իր սրբարանի բարձունքից. Տերը նայեց երկնքից երկիր՝
21Լսելու կապվածների հեծությունը Եվ արձակելու մահապարտների որդիներին,
22Հռչակելու Տիրոջ անունը Սիոնում Եվ նրա օրհնությունները՝ Երուսաղեմում,
23Միասին հավաքելու ժողովուրդներին, Եվ թագավորներին՝ Տիրոջը ծառայելու։
24Նա տկարացրեց իմ զորությունը, մինչ ընթանում էի, Նվազեցրեց իմ օրերը, և ես ասացի.
25«Ինձ մի՛ հանիր իմ օրերի կեսին, Քանզի հավերժ են քո տարիները»։
26Սկզբից, Տե՜ր, երկրի հիմքերը հաստատեցիր, Երկինքն էլ քո ձեռքերի գործն է։
27Նրանք կանցնեն, բայց դու կաս և կմնաս հավիտյան։ Ամեն ինչ քուրջի նման կմաշվի, Վերարկուի նման կփոխես նրանց, Ու կփոխվեն,
28բայց դու նույնն ես, Եվ քո տարիները չեն անցնի։
29Քո ծառաների որդիները կբնակվեն այնտեղ, Եվ նրանց սերնդին հավիտյան կհատուցվի։