1Իմ խոսքերն Աստծու կողմից են ասված՝ նման թագավորի խրատի, որ նրան ուսուցանել է իր մայրը։
2Օ՜, որդյա՛կ, Աստծու խոսքերն են, առաջնեկդ, քեզ եմ ասում, որդյա՛կ. Օ՜, որդյա՛կ, որովայնիս պտուղ. Օ՜, որդյա՛կ, իմ ուխտերի զավակ։
3Մի՛ տուր կանանց հարստությունդ, ոչ էլ քո կյանքդ ու միտքդ՝ հետին խորհուրդների.
4խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ գինի խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5որ չհարբեն և չմոռանան իմաստությունը և չկարողանան ուղիղ դատել թույլին։
6Տրտմածներին խմի՛չք տվեք, և գինի՛ տվեք տառապյալներին,
7Որ խմեն և մոռանան իրենց թշվառությունը և չհիշեն իրենց ցավերը։
8Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին,
9ընտրի՛ր և զատի՛ր աղքատին ու թույլին։
10Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։
11Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։
12Ողջ կյանքում գործակից է դառնում իր ամուսնուն բարիքի և ոչ թե չարիքի մեջ։
13Բուրդ և կտավ գտնելով՝ պիտանի հանդերձներ է պատրաստում իր ձեռքերով։
14Եվ եղավ շահավետ նավի նման. հեռվից գանձեր է հավաքում։
15Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։
16Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։
17Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում
18ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։
19Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։
20Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։
21Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։
22Ամուսնու համար բեհեզ և ծիրանի է գործել իսկ իր համար՝ ծածկոցներ։
23Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։
24Կինը կտավ է պատրաստում և վաճառում և ծածկոցներ՝ քանանացիներին։
25Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։
26Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։
27Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։
28Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.
29«Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։
30Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,
31դուք էլ պատի՛վ տվեք նրան նրա շուրթերի պտղից, և թող նրա ամուսինը գովվի դրսում. քանզի մարդու ճանապարհներն իր հայացքի առջև են ընթանում, և նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։