Ecclesiastes 1NEA

1Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը

2Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։

3Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որով նա տանջվում է արեգակի ներքո։

4Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավիտյան։

5Արեգակը ծագում, մայր է մտնում և վերադառնում իր տեղը։

6Ելնում է նա դեպի հարավ և դառնում դեպի հյուսիս. պտտվելով պտտվում, փչում է հողմը և վերադառնում իր շրջապտույտին։

7Բոլոր գետերն էլ հոսում են դեպի ծով, բայց այն չի լցվում, և վերադառնում են գետերն այնտեղ, որտեղով հոսել են՝ կրկին հոսելու համար։

8Ամեն ինչ ջանքով է լինում, և մարդը չի կարող դա բացատրել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։

9Ի՞նչ է անցյալը. այն, ինչ որ պիտի լինի, և ի՞նչ արեցինք. այն, ինչ անելու ենք միշտ։ Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո։

10Ո՞վ կարող է ասել՝ «Ահա սա նոր է»։ Բայց դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ։

11Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում ծնվողների մեջ։

12Ես՝ Ժողովողս, թագավորեցի Իսրայելի վրա Երուսաղեմում

13և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։

14Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։

15Ուղիղ ձևից շեղվածին նույն ճանապարհին դարձնել չի լինի, և պակասող բանը՝ հաշվել։

16Սրտիս մեջ ինքս ինձ ասացի. «Ահա ես ավելի մեծ եղա և ավելի իմաստնացա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել էին Երուսաղեմում»։ Եվ իմ սիրտը ճանաչեց իմաստությունն ու գիտությունը։

17Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։

18Քանզի շատ իմաստության մեջ շատ գիտություն կա, և իր գիտությունն ավելացնողն իր ցավն է ավելացնում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.