1Մարդն Աստծու հավատացյալներին այս պիտի ասի.
2«Լավ է լռեմ, քանի որ բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ չկա՛ մարդկային իմաստություն։
3Աստված ինձ իմաստություն սովորեցրեց, և ես սրբերի գիտությանը խելամուտ եղա ու սրբությունները ճանաչեցի.
4ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
5Հաստա՛տ իմացիր, որ Աստծու բոլոր խոսքերն ընտիր են, և նա իր երկյուղածների վերակացուն է։
6Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու, որ նա քեզ չհանդիմանի, և դու ստախոս չլինես»։
7Երկու բան եմ խնդրում քեզնից. մինչ մեռնելս շնորհներդ ինձնից մի՛ հանիր։
8Սուտ և զուր խոսքը հեռո՛ւ տար ինձնից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ կշռի՛ր ինձ արժանին բավականությամբ։
9Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։
10Ծառային մի՛ մատնիր իր տիրոջ ձեռքը, որ բնավ չանիծի քեզ, և դու չապականվես։
11Չար ծնունդն անիծում է իր հորը և չի օրհնում իր մորը։
12Չար ծնունդն արդար է երևում իր աչքին, բայց չի լվացել կեղտն իր անձի։
13Չար ծնունդն ամբարտավան աչքեր ունի, և հպարտ են նրա թարթիչները։
14Չար ծնունդի ատամները սուսեր են, ժանիքները՝ դանակներ՝ երկրի խոնարհներին և խեղճ մարդկանց մաշելու և ուտելու համար։
15Տզրուկը երեք դուստր ուներ շատ սիրելի, երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացավ կշտացնել, որ նա ասեր. «Բավական է»։
16Դխոժքն ու մահը, տարտարոսն ու կանանց սերը, երկիրը, որ չի հագենում ջրով, ջուրը և հուրը չեն ասում երբեք. «Բավական է»։
17Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
18Երեք բան կա, որ անհնար է ինձ իմանալ, և չորրորդը, որ չեմ ճանաչում.
19թռչող արծվի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ քարի վրա, ծովով անցնող նավի ճամփան և երիտասարդի ճանապարհները։
20Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը. երբ որևէ բան է անում, լվացվում է և ասում. «Ոչինչ չեմ արել»։
21Երեք բանից է դողում երկիրը և չորրորդից չի հանդարտվում.
22Ծառան, որ թագավոր է դառնում, անմիտը, որ կշտանում է հացով,
23աղախինը, որ դուրս է հանում իր տիրուհուն, և ատելի կինը, որ հանդիպում է բարի մարդու հետ։
24Չորս բան կա, որ փոքր են երկրի վրա, և դրանք իմաստուններից իմաստուն են.
25մրջյունը, որ զորություն չունի, իր կերակուրը ամռանն է պատրաստում,
26Ճագարը, որ անզոր տեսակից է և իր բույնը քարերի մեջ է շինում,
27մորեխը, որ թագավոր չունի, կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի,
28և սարդը՝ ճանկերով պատից կպչող, որին հեշտ է որսալ, բնակվում է թագավորների հարկի տակ։
29Երեք բան կա, որ շրջում են վեհապանծ, և չորրորդը, որ ճեմում է գեղեցիկ.
30առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր անասուններից, չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին,
31աքաղաղը, որ սիգալով շրջում է հավերի մեջ, նոխազը, որ հոտն է առաջնորդում, և թագավորը, որ խոսում է հրապարակավ ազգերի մեջ։
32Եթե անձդ հաճույքի մատնես և ձեռքդ կռվով երկարես, պիտի անարգվես։
33Կթի՛ր կաթը, և յուղ կդառնա, իսկ եթե պտուկներն ուժեղ ճմլես, արյուն կգա։ Իսկ եթե ձգձգես խոսքը, դատաստան ու կռիվ դուրս կգա։