Proverbs 26NEA

1Ինչպես ցողը՝ ամռանը, և անձրևը՝ հունձի ժամանակ, այնպես էլ հարգի չէ պատիվը անզգամին։

2Ինչպես թռչուններն ու ճնճղուկներն են թռչում, այնպես էլ ոչ մեկը զուր անեծքներ չի տալիս։

3Ինչպես մտրակը՝ ձիու և խթանը՝ էշի համար է, այնպես էլ գավազանն է անմիտ ազգի համար։

4Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ նրան նմանվող չլինես։

5Այլ արժանի պատասխա՛ն տուր նրան, որ ինքն իրեն իմաստուն չձևացնի։

6Իր ճանապարհի համար նախատինք պիտի ստանա նա, ով անմիտ պատգամատարի հետ լուր կուղարկի։

7Խափանի՛ր անմիտի ոտքի ընթացքը և նրա բերանի առակը։

8Ով պատիվ է տալիս անմիտին, նման է մարդու, որ քար է դնում պարսատիկի մեջ։

9Հարբեցողի ձեռքերը լի են փշով, իսկ ծառայությունը անմիտի ձեռքերում է։

10Բոլոր անմիտների մարմինները պիտի ալեկոծվեն, որ խորտակվեն նրանց հիմարությունները։

11Ինչպես շունն է դառնում ատելի, երբ դառնում է իր փսխածին, այնպես էլ անմիտն է իր չարությամբ, երբ դառնում է դեպի իր մեղքերը։ Ամոթ կա, որ մեղքերի մեջ է գցում, ամոթ էլ կա, որ փառք ու շնորհ է պարգևում։

12Տեսել եմ մարդ, որ պարծեցել է իր իմաստնությամբ, բայց անմիտից ավելի հույս կա, քան նրանից։

13Երբ ծույլին ուզում ես տեղ ուղարկել, ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակում՝ սպանողներ»։

14Ինչպես դռներն են շրջվում ծխնիի մեջ, այնպես էլ ծույլն է իր մահճի մեջ։

15Ծույլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում և ծուլանում իր բերանը տանել։

16Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է թվում, քան նա, ով հարստության ավետիս է բերում։

17Ուրիշի դատին խառնվողը նման է շան պոչին ձեռքը գցողին։

18Կան փորձիչներ, որ առարկում են մարդկանց, իսկ երբ մեկը շտապում է կանխել, հակադրվելով ընկճվում են։

19Այդպես էլ վարվում են այն բոլոր մարդիկ, որ դարանակալ են լինում իրենց բարեկամներին, և երբ կշտամբվում են, ասում են՝ «Կատակում էինք»։

20Շատ փայտից բորբոքվում է հուրը, որտեղ չկա երկմիտ, դադարում է կռիվը։

21Ածխափայտից շիկանում է վառարանը, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ կռիվ է հրահրում։

22Շողոքորթների խոսքերը փաղաքշող են, բայց կռվի պատճառ են դառնում։

23Ով արծաթը նենգությամբ է տալիս, նման է խեցու. ողորկ շուրթերը ծածկում են տրտմագին սրտերը։

24Ով կոծում է թշնամու վրա, շուրթերով բացահայտում է ամեն ինչ, և իր սրտում նենգություն է նյութում։

25Եթե թշնամիդ քեզ աղաչի և բարձրաձայն աղերսի, մի՛ հավատա նրան, քանզի յոթ չարիք կա նրա սրտում։

26Ով թաքցնում է թշնամությունը, հայտնի է դարձնում նենգությունը. խորագետն ատյանում թաքցնում է իր վնասը։

27Ընկերոջ փոս փորողն ինքն է ընկնելու մեջը. ուրիշի վրա քար գլորողն իր վրա է գլորում։

28Սուտ լեզուն ատում է ճշմարտությունը. շատախոս բերանը խռովություն է պատճառում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 26.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.