Proverbs 27NEA

1Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։

2Թող ընկերդ քեզ գովի, ոչ թե քո բերանը, օտա՛րը և ոչ թե շուրթերդ։

3Քարը ծանր է, ավազը դժվար է բարձրացնել, իսկ անզգամի բարկությունը երկուսից էլ ծանր է։

4Ցասումն անողորմ է, բարկությունը՝ սաստիկ, իսկ նախանձը պակաս չէ ոչ մեկից։

5Լավ է բաց հանդիմանությունը, քան ծածուկ բարեկամությունը։

6Լավ են բարեկամի ապտակները, քան թշնամու կեղծ համբույրը։

7Հագեցած մարդն արհամարհում է մեղրն ու խորիսխը, բայց քաղցածին դառն էլ քաղցր է թվում։

8Իր տեղից օտար տեղ գնացած մարդն իրեն ստրուկ է զգում բույնը լքած թռչունի պես։

9Սիրտը զվարճանում է յուղով, խնկով և գինով, և հոգին թոթափվում է տրտմությունից։

10Մի՛ լքիր քո բարեկամին և քո հոր բարեկամին, և մի՛ մտիր եղբորդ տունը քո տառապանքի ժամանակ. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։

11Որդյա՛կ, իմաստո՛ւն եղիր, որ սիրտդ ուրախ լինի, և վանի՛ր քեզնից նախատինքի խոսքերը։

12Խորագետը խուսափում է գալիք չարից, իսկ անզգամներն ընդառաջ են ելնում և տուժում։

13Հանի՛ր նրա հանդերձանքը, ով չափից անց է թշնամանք տածում, քանզի նա ուրիշին էլ է ապականում։

14Ով առավոտյան բարձրաձայն գովում է բարեկամին, ոչնչով առավել չէ, քան նրան անիծողը։

15Ինչպես ձմեռային կաթոցն է մարդուն հանում իր տնից, այնպես էլ անզգամ կինն է իր մարդուն հանում իր տնից։

16Խիստ է հյուսիսի քամին, բայց հաջողության անունն է կրում։

17Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ երեսն ընկերոջ։

18Ով թզենի է տնկում, պիտի նրա պտուղն ուտի, ով իր տիրոջն է պահում, պիտի պատվվի։

19Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ մարդկանց սրտերն իրար նման չեն։

20Ինչպես դժոխքն ու կորուստն են անհագ, այնպես էլ աչքերն ագահ մարդու։ Խրատ չլսող, ցոփ լեզու ունեցող մարդիկ պիղծ են Տիրոջ առջև հանդուգն աչքերով։

21Արծաթն ու ոսկին ձուլարանն է փորձում, իսկ մարդուն՝ գովաբանողների բերանը։ Անօրենի սիրտը չարիքներ է փնտրում, իսկ ուղիղ սիրտը՝ գիտություն։

22Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։

23Քո հոտի նկատմամբ խոհեմությամբ հոգատա՛ր եղիր, և կարեկից՝ քո երամակների հանդեպ,

24քանզի մարդու ուժը, զորությունն ու իշխանությունը հավերժ չեն և չեն տրվում նրան սերնդեսերունդ։

25Խնամքո՛վ վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, և դալար խո՛տ հավաքիր,

26որ ոչխարներդ բրդաբեր լինեն, խնամի՛ր դաշտերը, որ գառներ ունենաս։

27Որդյա՛կ, ինձնից սովորի՛ր զորավոր պատգամներ՝ քո տան ապրուստի և քո բարեկամների ապրուստի համար։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 27.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.