Proverbs 25NEA

1Սողոմոնի առակներից, որոնք օրինակել են Հուդայի արքա Եզեկիայի բարեկամները։

2Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։

3Անքննելի են երկնքի բարձունքները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։

4Չփորձված արծաթը մաքրի՛ր կրակով, և կմաքրվի այն միանգամից։

5Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։

6Մի՛ հպարտացիր թագավորի առջև, և մի՛ մոտեցիր մեծամեծերի տեղերին,

7քանզի լավ է, որ մեկը ասի քեզ. «Վե՛ր բարձրացիր ինձ մոտ», քան թե խոնարհվես հզորի առջև։ Խոսի՛ր աչքովդ տեսածի մասին.

8հանդուգն կերպով կռվի մեջ մի՛ մտիր, որ հետո չզղջաս։ Երբ քո բարեկամը քեզ նախատի,

9խո՛ւյս տուր նրանից և մի՛ արհամարհիր։

10Գուցե նախատի քեզ բարեկամդ, և քո թշնամությունն ու մարտը չվերջանա, այլ մահվան պես քեզ լինի։ Շնորհն ու բարեկամությունը ազատ են. քո մեջ հաստատի՛ր դրանք ու չես նախատվի, և խաղաղ կանցնի քո ժամանակը։

11Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։

12Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։

13Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։

14Նրանք, ովքեր սուտ խոստումներով են պարծենում, նման են սաստիկ հողմերի, ամպերի և անձրևների։

15Երկայնամտությունից հաջողություն է գտնում թագավորը, անսանձ լեզուն փշրում է ոսկորները։

16Որդյա՛կ, երբ մեղր գտնես, չափո՛վ կեր. որ չհագենաս և չփսխես։

17Քո ոտքով քի՛չ հաճախիր բարեկամիդ, որ չձանձրանա քեզնից և չատի քեզ։

18Սրած սուր նետի և սուսերի պես է իր բարեկամի մասին սուտ վկայություն տվողը։

19Չարի ճանապարհները և անօրենի ոտքերը պիտի կորչեն չարի օրը։

20Ինչպես քացախն է անօգուտ վերքին, այնպես էլ մարմնի ցավերից տրտմում է սիրտը։ Ինչպես ցեցը հագուստին, որդը՝ փայտին, այնպես էլ տրտմությունը վնաս է մարդու սրտին։

21Եթե քաղցած է թշնամիդ, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր։

22Եթե այդ անես, նրա գլխին կրակի կայծեր կկուտակես, և Տերը քեզ բարություն կհատուցի։

23Հյուսիսի քամին ամպեր է բերում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։

24Լավ է ապրել տանիքի տակ՝ մի անկյունում, քան նույն տան մեջ՝ բամբասող կնոջ հետ։

25Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։

26Ինչպես մեկը խցանում է աղբյուրի ակը և ապականում ջրերի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի կորանալը ամբարիշտի առջև։

27Շատ մեղր ուտելը լավ չէ, բայց հարկավոր է հարգել պատվական խոսքերը։

28Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 25.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.