1Որդյա՛կ իմ, մի՛ նախանձիր չարերին, և մի՛ ցանկացիր նրանց մեջ լինել,
2քանզի նրանց սիրտը ստություն է խորհում, և նրանց շուրթերը ցավ են պատճառում։
3Տունը շինվում է իմաստությամբ, և հաստատվում խոհեմությամբ,
4և գիտությամբ շտեմարանները լցվում են ամեն տեսակ հարստությամբ և պատվական բարիքներով։
5Իմաստունը լավ է հզորից, և հանճարեղը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։
6Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով։
7Իմաստությունն ու բարի խորհուրդները իմաստունների դռներին են։
8Իմաստունները չեն խոտորվում Տիրոջ խոսքից, այլ խորհում են իրենց ժողովներում։
9Անխրատը հանդիպում է մահվանը, անզգամը՝ մեռնում մեղքերի մեջ։
10Ժանտագործ մարդուն աղտոտում է պղծությունը չար օրը և նեղ օրը, քանի դեռ չի մեռել։
11Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, փրկագնի՛ր մահապարտներին և մի՛ խնայիր։
12Իսկ եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և որ շունչ տվեց բոլորին, գիտի բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի։
13Մե՛ղր կեր, որդյա՛կ, քանզի հաճելի է, և խորիսխ, որ կոկորդդ քաղցրանա։
14Այդպես էլ իմաստության խոհեմությունը կլինի քո հոգու համար, և եթե այն գտնես, քո վախճանը բարի է լինելու, և հույսդ չի կտրվելու։
15Ամբարիշտին մի՛ մոտեցրու արդարների արոտին, և մի՛ խաբվիր նրա որովայնի լիությամբ։
16Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։
17Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր, երբ նա սայթաքի, մի՛ ուրախացիր,
18Տերը կտեսնի և հաճո չի լինի նրան, և իր բարկությունը կհեռացնի նրանից։
19Մի՛ խնդա չարագործների հետ և մի՛ նախանձիր մեղավորներին,
20քանզի չարերը զավակ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի մարի։
21Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ,
22քանզի հանկարծակի է լինելու վախճանը ամբարիշտների, և ո՞վ է ճանաչելու պատուհասը թե՛ մեկի և թե՛ մյուսի։
23Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ, լավ չէ դատաստանի ժամանակ աչառու լինել»։
24Ամբարիշտին արդար ասողը ժողովուրդների անեծքին պիտի արժանանա և ազգերի կողմից ատելի պիտի լինի։
25Իսկ հանդիմանողները լավ պիտի երևան, և նրանց վրա բարի օրհնություն պիտի գա։
26Շուրթերը բարի խոսքերի պատասխաններ են սիրում, իսկ ով դիմադրությամբ է պատասխանում, իր վրա հեռացումի խոսքեր է հրավիրում։
27Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։
28Քո ընկերոջ համար սուտ վկա մի՛ դարձիր, և քո շուրթերով մի՛ խաբիր։
29Մի՛ ասա, թե՝ «Ինչպես նա ինձ հետ վարվեց, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ։ Պիտի հատուցեմ նրան այնպես, ինչպես ինքն ինձ զրկեց»։
30Անզգամ մարդը նման է արտի, պակասամիտը՝ այգու,
31և եթե թողնես այն, խոպան կդառնա, ամենուր մոլախոտ կաճի, կմնա լքված, գետնին կթափվեն նրա պատի քարերը,
32հետո կասի, թե՝ «Զղջացի, տեսա և խրատը ընտրեցի»։
33Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՜վ վատ, ե՞րբ պիտի քնից արթնանաս։ Մի քիչ ննջես, մի քիչ նիրհես, մի քիչ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ։
34Եթե այդպես անես, ապա պիտի գա քո աղքատությունը իբրև ճամփորդ, և կարիքը՝ իբրև արագավազ սուրհանդակ։ Որդին, որ զգուշանում է խոսքից, կորստյան չի մատնվի, քանզի նա խնամքով է ընդունում այն։ Թագավորի լեզվից ոչ մի սուտ խոսք թող դուրս չգա. ո՛չ իսկ խաբեություն։ Թագավորի լեզուն սուր սուսեր է, ոչ թե մարմնեղեն, ով որ նրան մատնվի, կխորտակվի։ Եթե նրա բարկությունը բորբոքվի, մարդկանց կկործանի հոդերով հանդերձ, կփշրի մարդկանց ոսկորները և իբրև բոց կայրի, և արծիվների բույների մեջ լեշի պես կլինեն։ Երկնչի՛ր իմ խոսքերից, որդյա՛կ, և երբ դրանք ընդունես, զգույշ կլինես։