Proverbs 22NEA

1Բարի անունը մեծ հարստությունից լավ է, բարի շնորհը՝ արծաթից և ոսկուց։

2Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։

3Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։

4Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։

5Անիրավների ճանապարհին տատասկ և որոգայթ կա, իսկ ով զգույշ է իր անձի համար, հեռանում է նրանցից։

6Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։

7Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաներն իրենց տերերին փոխ պիտի տան։

8Ով անզգամություն է սերմանում, չարիք է հնձելու և ըստ իր գործերի պատիժ է կրելու։ Աստված սիրում է զվարթ և առատաձեռն մարդուն.

9ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։ Ընծա տվողը հաղթություն և պատիվ է ստանում, բայց այն սպանում է առնողների հոգին։

10Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։

11Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,

12Տիրոջ աչքերը պահում են խոհեմությունը, Տերն արհամարհում է անօրեն խոսքերը։

13Վատը պատճառաբանում և ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակի անցքերում՝ սպանողներ»։

14Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։ Չար ճանապարհներ կան մարդու առջև, և չի ուզում դառնալ նրանցից, բայց պետք է դառնալ թյուր և չար ճանապարհից։

15Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում. գավազանն ու խրատը հեռու են նրանից։

16Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։

17Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։

18Եվ եթե դրանք պահես քո սրտում, և մնան շուրթերիդ վրա, ուրախ կլինես,

19և քո հույսը Տիրոջ վրա լինի և ցույց կտա քեզ իր ճանապարհները։

20Եվ դու երիցս գրի՛ր դրանք քո հոգում, խորհրդի գիտության և խոհեմության մեջ։

21Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։

22Մի՛ բռնացիր անտունի վրա, քանզի աղքատ է նա, և մի՛ անարգիր անտունին դատարանի մեջ,

23քանզի Տերն է նրա դատը անելու, և անկորուստ պիտի փրկի քո հոգին։

24Բարկացկոտին ընկեր մի՛ դարձիր և զայրացող բարեկամի հետ մի՛ բնակվիր,

25որ չսովորես նրա ճանապարհները և անձդ խեղդամահ անես։

26Անձդ երաշխավոր մի՛ դարձրու մեկից ակնածելով,

27զի եթե չունես, որտեղի՞ց վճարես. անկողի՞նդ առնեն-տանեն, որի վրա կողերդ են հանգչում։

28Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։

29Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.