1Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։
2Ամեն մարդ իր աչքին արդար է թվում, բայց Տերն է ուղղում սրտերը։
3Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։
4Խստասիրտ մարդը մեծամիտ է իր թշնամանքի մեջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։
5Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։
6Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։
7Ամբարիշտները պիտի կործանվեն, քանզի չեն ուզում կատարել իրավունքները։
8Խոտորնակին խոտոր ճանապարհ է տալիս Աստված, քանզի սուրբ և ուղիղ են Տիրոջ գործերը։
9Լավ է օդի ներքո մի անկյունում բնակվել, քան անիրավությամբ ծեփված և խառնակ տան մեջ։
10Ամբարիշտի հոգին չարիքներ է ցանկանում, և ողորմություն չի գտնի ոչ մեկից։
11Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։
12Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։
13Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։
14Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։
15Արդարների ուրախությունը իրավունքի գործադրումն է, և սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։
16Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։
17Ուրախություն սիրողը կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, կհարստանա։
18Արդարի համար անօրենը փրկանք պիտի լինի, ուղղամիտների համար՝ երդմնադրուժը։
19Լավ է բնակվել անապատում, քան բարկացող, լեզվանի և անզգամ կնոջ հետ։
20Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։
21Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։
22Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։
23Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։
24Խիստը, հանդուգնը և հպարտը ժանտ են կոչվում, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։
25Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։
26Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։
27Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։
28Սուտ վկան պիտի կործանվի. հեզ մարդը զգուշությամբ է խոսում։
29Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։
30Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։
31Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվան, բայց Տիրոջից է հաղթանակը։