1Որդյա՛կ, եթե ընդունես իմ պատգամներն ու պատվիրանները և պահես քո մեջ,
2քո ականջը կլսի իմաստությունը, սիրտդ էլ իմաստության կխոնարհեցնես, և դու այն իբրև խրատ կավանդես որդուդ։
3Իսկ եթե իմաստությունը վերակոչես և հանճարին դառնաս ձայնակից,
4և եթե փնտրես այն իբրև ընտիր արծաթ և իբրև գանձ փնտրես այն,
5այդժամ կհասկանաս երկյուղը Տիրոջից և կգտնես Աստծու գիտությունը.
6քանզի Տերն է տալիս իմաստությունը, և նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը,
7նա է ուղղամիտների փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին,
8նա է պահպանում արդարների ճանապարհը և ամրացնում իր երկյուղածների ճանապարհները։
9Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն,
10և երբ իմաստությունը գա մտքիդ մեջ, և գիտությունը քո անձին բարի համարես,
11բարի խոհերը կզգուշացնեն քեզ և մաքուր մտքերը քեզ կպահպանեն,
12որպեսզի փրկվես չար ճանապարհից և անհավատարիմ մարդուց։
13Վա՜յ նրանց, որ թողած ճանապարհը ուղիղ՝ խավարի ճանապարհով կգնան,
14որ կուրախանան չար գործերով և կխնդան՝ չարի կողմը խոտորվելով։
15Շեղ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շավիղները՝ զիգզագ,
16փորձելու են քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար կարծիքից։
17Որդյա՛կ իմ, թող քեզ չբռնի չար մտածումը, որ մանկության ժամանակ թողել է ուսումը և Աստծու ուխտը մոռացել։
18Նա իր տունը դրեց մահվան մոտ, իր շավիղները՝ դժոխքի մոտ, երկրածինների հետ։
19Նրա հետ գնացողներից ոչ ոք հետ չի դառնալու, չի էլ զղջալու, և չի հասնելու ուղիղ ճանապարհի ու չի ապրելու կյանքի տարիներն իր։
20Իսկ եթե գնացած լինեին բարի ճամփաներով, հեշտությամբ կգտնեին արդարության շավիղները։
21Հեզաբարո մարդիկ կբնակվեն երկրում, անմեղները կմնան այնտեղ։ Այո՛, ուղիղնե՛րը կբնակվեն երկրում, և անարատները կմնան այնտեղ։
22Ամբարիշտների ճանապարհները կջնջվեն երկրից, և անօրենները կմերժվեն նրանից։