Proverbs 3NEA

1Որդյա՛կ, իմ օրենքները մի՛ մոռացիր, և իմ խոսքերը քո սրտո՛ւմ պահիր,

2որ երկարեն կյանքիդ օրերը և տարիները քո կենդանության և քեզ խաղաղություն ավելացնեն։

3Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։

4Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,

5Տիրո՛ջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ.

6ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։

7Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։

8Այդժամ քո մարմնին բժշկություն կլինի դա և դարման՝ քո ոսկորներին։

9Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան,

10Որ քո շտեմարանները լցվեն ցորենի առատությամբ, և քո հնձաններն ավելիով գինի հորդեն։

11Որդյա՛կ, մի՛ հրաժարվիր Տիրոջ խրատից և մի՛ տրտմիր նրա հանդիմանությունից,

12քանզի Տերն ում սիրում, խրատում է նրան, և պատժում է որդուն, որին նախընտրում է։

13Երանելի է այն մարդը, որ իմաստություն է գտել, և մահկանացուն, որ հանճար է ձեռք բերել։

14Քանզի այն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը։

15Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։

16Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։ Նրա բերանից արդարություն է բխում, իսկ օրենքներն ու ողորմությունը կրում է իր լեզվի վրա։

17Բարու ճանապարհներ են նրա ճանապարհները և նրա բոլոր շավիղները՝ խաղաղության։

18Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։

19Աստված իմաստությամբ դրեց հիմքերը երկրի և խորամտությամբ հաստատեց երկինքը,

20իր հանճարով պատռեց անդունդները, և ամպերն անձրևներ հոսեցրին։

21Որդյա՛կ, պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը.

22որպեսզի ապրի քո անձը, և շնորհները լինեն քո պարանոցի վրա, բժշկություն լինի մարմնիդ համար, և դարման՝ ոսկորներիդ համար։

23Եվ դու կանցնես խաղաղության հույսով քո բոլոր ճանապարհները, և քո ոտքը չի սայթաքի։

24Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ քաղցր կլինի,

25և չես երկնչի վերահաս զարհուրանքներից, ոչ էլ ամբարիշտների եկող արշավանքներից։

26Քանզի Տերը կլինի քո բոլոր ճանապարհներին, և ոտքդ կամրացնի, որ չսայթաքես։

27Մի՛ դանդաղիր կարոտյալին բարիք անել, երբ կարողանաս նրան օգնել։

28Մի՛ ասա, թե «Գնա՛, արի՛, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես՝ վաղն ի՛նչ կբերի։

29Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որ վստահել, հույս է դրել քեզ վրա։

30Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ, որ քեզ չարիք չպատճառի.

31Մի՛ ստացիր նախատինքները չարագործ մարդկանց և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին։

32Քանզի ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդվում արդարների հետ։

33Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, իսկ արդարների հարկերն օրհնվում են։

34Տերը հակառակ է ամբարտավաններին, իսկ շնորհ է տալիս խոնարհներին։

35Փառքն իմաստունները պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի փառաբանեն անարգանքները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.