Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Proverbs 1

:
Armenian - NEA
1 Երուսաղեմում Իսրայելի թագավոր Սողոմոնի՝ Դավթի որդու առակները՝
2 ճանաչելու իմաստությունն ու խրատը, հասկանալու խոսքերը հանճարեղ,
3 ընկալելու խոսքի դարձվածքները, ուսանելու ճշմարիտ արդարությունը և ուղղվելու դեպի իրավունքը,
4 անուսումներին տալու խորագիտություն, երիտասարդներին՝ գիտելիք և կողմնորոշում։
5 Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։
6 Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։
7 Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
8 Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները,
9 որ քո գլխին շնորհների պսակ կրես և ոսկի մանյակ՝ քո պարանոցին։
10 Որդյա՛կ, ամբարիշտ մարդիկ թող քեզ չխաբեն, և մի՛ ախորժիր, եթե ձայնեն ու ասեն.
11 «Արի՛ մեզ հետ ու մեղսակի՛ց դարձիր արյան, հողով ծածկենք արդար մարդուն,
12 գերեզմանի պես ողջ-ողջ կուլ տանք նրան և երկրից ջնջենք նրա հիշատակը,
13 յուրացնենք նրա այլազան ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։
14 Բաժնեկից ու բախտակի՛ց դարձիր մեզ. սարքենք ընդհանուր մի քսակ, մեկտեղ լինի գանձարանը մեր»։
15 Որդյա՛կ, նրանց հետ ճամփա մի՛ գնա, հեռացրո՛ւ ոտքդ նրանց շավիղներից,
16 քանզի նրանց ոտքերը չարին են գնում և չեն երկմտում արյուն հեղելիս։
17 Իզուր չէ, որ թակարդ են լարում թռչունների դեմ.
18 նրանք, որ հաղորդ են սպանությանը, իրենց անձերի համար չարիք են գանձում. անօրեն մարդկանց վախճանը չար է։
19 Ահա թե ինչպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում, որովհետև ամբարշտությամբ իրենց սեփական անձերն են սպանում։
20 Իմաստությունը գոչում է ճանապարհներին, և հրապարակներ ելնում համարձակությամբ,
21 պարիսպների գլխին քարոզում, և իշխանների դռներն է հաճախում, քաղաքների դարպասների մոտ համարձակ խոսում։
22 Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
23 Ահա ձեր առջև բացելու եմ հոգուս պատգամները. և իմ խոսքերն եմ ուսուցանելու ձեզ.
24 քանզի կանչում էի, բայց չէիք լսում, թախանձում էի, բայց չէիք հնազանդվում,
25 այլ անտեսում էիք իմ խորհուրդները և չէիք անսում իմ հանդիմանություններին։
26 Այդ պատճառով պիտի խնդամ ձեր կորստյամբ, և հրճվեմ, երբ ձեզ պատի տագնապը.
27 և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի, և կործանումը մրրիկի պես գա, կամ երբ ձեր վախճանը հասնի,
28 գուցե դուք աղոթեք ինձ, բայց ձեզ չեմ լսելու։ Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու,
29 որովհետև ատեցին իմաստությունը, և չփնտրեցին Տիրոջից երկյուղը,
30 և չկամեցան անսալ իմ խորհուրդներին և արհամարհեցին իմ հորդորները։
31 Այդ պատճառով նրանք կուտեն իրենց ճանապարհի պտուղները և իրենց ամբարշտությամբ կհագենան։
32 Մանուկներին զրկելու պատճառով պիտի կործանվեն, և կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։
33 Իսկ ով ինձ լսի, նա կապրի ապահովությամբ և անվախ կհանդարտվի ամենայն չարիքից։