1Լավ է տգետը, որ գնում է իր միամտությամբ, քան անզգամը, որ շաղակրատ է։
2Բայց տգիտությունը բարվոք չէ հոգուն, և ով ստիպում է ոտքերին շտապել, սխալներ է գործում։
3Մարդու անմտությունն ապականում է նրա ճանապարհը, և իր սրտում մեղքը Աստծուն է վերագրում։
4Հարստությունը բազում բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է նույնիսկ բուն բարեկամից։
5Սուտ վկան առանց պատժի չի մնա, ով իզուր է մեղադրում, անմեղ չի համարվի։
6Շատերն են հաճոյանում թագավորի դիմաց, և ամեն մի չարակամ նախատինք պիտի լինի մարդկանց։
7Ով ատում է իր աղքատ եղբորը, նրա սիրուց հեռու պիտի մնա։ Բարի խորհուրդը մոտեցնում է նրանց, որոնք ճանաչում են այն, և իմաստուն մարդը կգտնի այն։ Ով շատ չար բան է անում, նա չարիքի վարպետ է դառնում, և ով վեճեր է գրգռում, անմեղ չի համարվի, մանավանդ որ այնպիսի բան է անում, որ իրեն չի վերաբերում։
8Իմաստունը սիրում է իր հոգին, իմաստություն պահողը բարիք է գտնում։
9Սուտ վկան առանց պատժի չի մնա, և ով բորբոքում է ընկերների չարությունը, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։
10Անզգամին վայել չէ փափկակեցությունը, ոչ էլ ծառային, երբ նա սկսի հպարտությամբ տիրել։
11Ողորմած մարդը համբերատար կլինի, և նրա պարծանքը անզգամներից բարձր լինելն է։
12Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
13Անմիտ որդին հոր ամոթն է։ Ընդունելի չէ պոռնիկի վարձով կատարված ուխտը։
14Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։
15Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։
16Պատվիրաններ պահողը պահում է իր հոգին, իսկ նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանվի։
17Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
18Խրատի՛ր որդուդ, քանզի այդպես քեզ բարի հույս կլինի, հոգուդ մեջ մի՛ առ նրա հակառակությունը. եթե նրան գավազանով հարվածես, չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։
19Անմիտ մարդը շա՜տ է տուժելու, եթե ավելի անզգամ դառնա, իր հոգին էլ կտա։
20Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։
21Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։
22Մարդու նպաստը իր ողորմածությունն է, լավ է արդար աղքատը, քան ստախոս հարուստը։
23Տիրոջից երկյուղը կենդանություն է մարդուն. իսկ աներկյուղը մոլորյալ շրջում է դռներին, ապրում է տեղերում, որտեղ երբեք այցելու չի ունենա։
24Ով պարապ ձեռքերը ծոցում է թաքցնում, ձեռքը նույնիսկ իր բերանը թող չտանի։
25Անմիտին չարչարելով՝ անմեղն ավելի իմաստուն է դառնում, իսկ եթե իմաստունին հանդիմանես, նա ավելի հանճարեղ կդառնա։
26Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։
27Հոր խրատը չպահող որդին չար մտքեր է խորհում։
28Անմիտ երիտասարդին երաշխավորողը ծաղրում է արդարությունը. ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատաստանը։
29Տանջանքներն անխելքների համար են պատրաստված, նույնպես և պատիժները՝ հիմարների։