Proverbs 13NEA

1Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։

2Բարի մարդը առատորեն պիտի ուտի արդարության պտղից, իսկ անօրեն անձինք տարաժամ պիտի կործանվեն։

3Իր բերանը փակողը պիտի պահպանի իր անձը, իսկ ով հանդուգն է շուրթերով, պիտի խռովի իր հոգին։

4Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի մնա, իսկ ժրաջան ձեռքը լուծում կգտնի։

5Արդարն ատում է անիրավ խոսքը, իսկ ամբարիշտը պիտի ամաչի և վստահություն չգտնի։

6Արդարությունն անմեղներին պահում է ճանապարհներին, մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։

7Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։

8Մարդու հարստությունը իր անձի փրկագինն է, իսկ աղքատը չի հանդարտվում պատուհասներից։

9Արդարների լույսը մշտատև է, ամբարիշտների լույսը պիտի մարի։ Նենգավոր անձինք պիտի մոլորվեն մեղքերի մեջ, իսկ արդարները ողորմություն և գթություն պիտի գտնեն։

10Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։

11Անիրավությամբ կուտակված հարստությունը պիտի պակասի, իսկ աստվածապաշտությամբ հավաքվածը պիտի բազմանա։

12Լավ է ի սկզբանե օգնել սրտով, քան խոստանալ և հույսով անել։ Արդարը ողորմում և փոխ է տալիս. բարի ցանկությունը կյանքի ծառ է։

13Ով ինչ արհամարհի, դրանով էլ պիտի արհամարհվի. ով երկնչում է պատվիրանից, լավ պիտի լինի։ Նենգավոր որդին բարիք չի գտնի, իմաստուն ծառայի գործերը պիտի հաջողվեն, և ուղիղ պիտի ընթանան նրա ճանապարհները։

14Իմաստունի համար օրենքը կյանքի աղբյուր է, իսկ անմիտը որոգայթի մեջ պիտի մեռնի։

15Բարի իմաստությունը շնորհ է տալիս, իսկ օրենքի ճանաչումը մտքի բարիք է. արհամարհողների ճանապարհը կորստյան է տանում։

16Ամեն խորագետ իմաստությամբ է գործում, իսկ անմիտը իր անձով չարիք է տարածում։

17Հանդուգն թագավորը չարիքի մեջ պիտի ընկնի, բայց հավատարիմ պատգամաբերը կփրկի նրան։

18Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանություն լսողը պիտի փառավորվի։

19Բարեպաշտների ցանկությունները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են ճանաչողությունից։

20Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։

21Չարիքները հալածում են մեղավորներին, իսկ բարիքները պիտի հասնեն արդարներին։

22Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։

23Արդարները երկար տարիներ պիտի վայելեն հարստությունը, անիրավները արագորեն պիտի կորչեն։

24Ով խնայում է իր գավազանը, ատում է իր որդուն. իսկ ով սիրում է որդուն, խնամքով է խրատում։

25Արդարն ուտելիս հագեցնում է իր հոգին, ամբարիշտների հոգիները անկուշտ են միշտ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.