1Ով խրատ է սիրում, նաև իմաստություն է սիրում. և ով ատում է հանդիմանությունը, անմիտ է։
2Լավ է նրա համար, ով Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդը պիտի կարկամի։
3Մարդ անօրենությամբ հաջողության չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրվեն։
4Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։
5Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։
6Նենգավոր են ամբարիշտների բերանները. ուղղամիտների բերանն իրենց կփրկի։
7Որ կողմ էլ դառնա ամբարիշտը, պիտի կործանվի, արդարների տները պիտի հարատևեն։
8Մարդկանցից պիտի գովվի իմաստունի բերանը, իսկ ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհվի։
9Մարդու համար լավ է խոնարհությամբ ապրել, քան իր անձը մեծարել, բայց հացի կարոտ մնալ։
10Արդարը կարեկցում է իր անասունին, իսկ ամբարիշտների աղիները անողորմ են։
11Ով մշակում է իր հողը, պիտի հագենա հացով, իսկ ով նանրության հետևից է գնում, պակասամիտ է։ Ով գինարբուքի վայրերում է դեգերում, անարգանք է թողնելու իր ընտանիքին։
12Ամբարիշտների ցանկությունները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։
13Մեղսալիցը շրթունքներով կընկնի մեղքի որոգայթի մեջ, իսկ արդարը կխուսափի դրանից։ Բարեսեր մարդը գթություն է գտնում, դռների մեջ զազրախոսը նեղություն է պատճառում մարդկանց։
14Իր բերանի պտղի բարիքով մարդ պիտի լցվի, և իր շուրթերի տվածի համեմատ՝ հատուցում ստանա։
15Անմիտներին իրենց ճանապարհներն ուղիղ են թվում։ Իմաստունն ունկնդիր է լինում խրատին,
16իսկ անմիտը նույն պահին հայտնի է դարձնում իր բարկությունը։ Խորագետ մարդը թաքցնում է իր անարգանքը.
17արդարը ծանուցում է ճշմարտությունը հայտնի կերպով. անօրենի վկայությունը նենգամիտ է։
18Կան մարդիկ, որ իրենց խոսքով խոցում են սրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են։
19Ճշմարիտ շուրթերը հաստատում են վկայությունը, իսկ ստախոս լեզուն վայրկյանի կյանք ունի։
20Չար նյութողի սրտում նենգություն կա, իսկ ովքեր խաղաղություն են ուզում, պիտի ուրախանան։
21Ոչ մի անիրավ բան չի դիպչի արդարին, իսկ ամբարիշտներին ծածկելու են տանջանքները։
22Տիրոջ առջև պիղծ են ստախոս շուրթերը, իսկ հավատարիմ մարդը ընդունելի է նրան։
23Իմաստուն մարդը խորագիտության գահն է, անզգամների սիրտը նզովքի պիտի ենթարկվի։
24Ընտրյալների ձեռքը դյուրին պիտի հաղթի, նենգավորները պիտի հափշտակվեն։
25Ահեղ խոսքը խռովում է արդարի սիրտը, բարի խոսքը ուրախացնում է նրան։
26Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.
27որսը չի պատահում նենգավորին։ Սուրբ մարդու ունեցվածքը պատվական է և առատ։
28Արդարության ճանապարհը դեպի կյանք է տանում, ոխակալների ճանապարհը՝ դեպի մահ։