Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 5

:
Armenian - NEA
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,
3 տղամարդ լինեն թե կին, բանակատեղիից արտաքսե՛ք նրանց, որպեսզի չպղծեն բանակատեղիները, որտեղ ե՛ս եմ բնակվում»։
4 Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. բանակատեղիից արտաքսեցին նրանց։ Ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։
5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
6 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Տղամարդ կամ կին, որը մարդկային որևէ մեղք գործի, և դրանով արհամարհի Տիրոջ պատվիրանները և հանցավոր դառնա,
7 թող խոստովանի իր մեղքը, թող տուժածին հատուցի ամբողջ վնասը՝ մեկ հինգերորդ մասով ավելի։
8 Եթե վնասի հատուցում ստացող չլինի, ապա հատուցումը թող ընծայվի Տիրոջը և պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով նա պետք է քավի իր մեղքը։
9 Իսրայելի որդիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները թող քահանային պատկանեն։
10 Ամեն մարդու սրբագործվածը իրենը թող լինի, իսկ եթե մեկն ընծա տա քահանային, նրան թող պատկանի”»։
11 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
12 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկի կինը հանցանք գործի՝ դավաճանելով նրան,
13 եթե մեկը կենակցի նրա հետ սերմի արձակումով, եթե անգամ այդ վրիպի ամուսնու աչքից, թաքուն մնա, վկա չլինի ու կինն էլ հղի չմնա, միևնույն է, կինը պղծված է։
14 Եթե խանդի ոգին տիրի մեկին, և նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթե խանդի ոգին տիրի մեկին, ու նա խանդի իր կնոջը, և կինը պղծված լինի,
15 երկու դեպքում էլ ամուսինն իր կնոջը թող տանի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի՝ առանց վրան յուղ լցնելու և կնդրուկ դնելու, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։
16 Քահանան կնոջը թող բերի և կանգնեցնի Տիրոջ առջև,
17 խեցե ամանով աղբյուրից հոսող մաքուր ջուր վերցնի և Վկայության խորանի հատակի հողից վերցնելով՝ լցնի ջրի մեջ։
18 Քահանան կնոջը թող կանգնեցնի Տիրոջ առջև, մերկացնի նրա գլուխը, նրա ձեռքը տա հիշատակի զոհը՝ խանդի զոհը։ Քահանան, իր ձեռքին ունենալով նզովքի հանդիմանության ջուրը,
19 թող երդվեցնի կնոջը և ասի նրան. “Եթե ուրիշի հետ չես կենակցել, հանցանք չես գործել՝ ամուսնուդ դավաճանելով, ապա անմասն լինես նզովքի հանդիմանության այս ջրից։
20 Իսկ եթե ամուսնուդ իշխանության տակ լինելով՝ հանցանք ես գործել և պղծվել ես՝ ամուսնուդ փոխարեն ուրիշի սերմը ընդունելով”,-
21 քահանան թող երդվեցնի կնոջը այս նզովքի երդմամբ և ասի նրան. “Տերը թող քեզ նզովքի ու երդման արժանացնի քո ժողովրդի մեջ՝ քայքայելով քո զիստերը և ուռեցնելով քո որովայնը։
22 Նզովքի ջուրը թող լցվի քո որովայնը, ուռեցնի քո որովայնը և քայքայի քո զիստերը”։ Կինը թող պատասխանի. “Թող լինի, թող լինի”։
23 Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրվածքը ջնջի-մաքրի նզովքի հանդիմանության ջրի մեջ,
24 ապա նզովքի հանդիմանության այդ ջուրը թող տա կնոջը խմելու, որպեսզի նրա մեջ լցվի նզովքի հանդիմանության ջուրը։ Խմելուց առաջ
25 քահանան կնոջ ձեռքից թող վերցնի խանդի զոհը, դնի այն Տիրոջ առջև և մատուցի զոհասեղանին։
26 Քահանան բռով թող վերցնի նրա հիշատակի զոհից և դնի զոհասեղանին։ Դրանից հետո կնոջը թող խմել տա հանդիմանության ջուրը։
27 Եթե իրոք պղծված է, և նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա նզովքի հանդիմանության ջուրը թող մտնի նրա մեջ, ուռեցնի նրա որովայնը, քայքայի նրա զիստերը, և կինը նզովված լինի իր ժողովրդի մեջ։
28 Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, ապա թող նա արդարացվի և ստանա իր ամուսնու սերմը։
29 Այս է խանդի օրենքը, երբ կինը, ամուսնու իշխանության տակ լինելով, պղծվի
30 կամ երբ խանդի զգացում տիրի տղամարդուն, և նա խանդի իր կնոջը։ Այս դեպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջև, իսկ քահանան նրա նկատմամբ պետք է կիրառի այս օրենքը։
31 Եթե կինը հանցավոր լինի, այդ դեպքում ամուսինը թող անպարտ լինի, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատասխանատվությունը”»։