Numbers 4
1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.
2 «Ղևիի ցեղի միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝
3 քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կատարելու են բոլոր գործերը։
4 Ղևիի որդիների միջից ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների Կահաթի որդիների գործը Վկայության խորանում Սրբություն սրբոցի պահպանությունն է։
5 Տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու իր որդիները թող մտնեն ներս, իջեցնեն հովանի վարագույրը և դրանով ծածկեն Ուխտի տապանակը։
6 Այն թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով, իսկ դրա վրա կապույտ ձորձ գցեն, և ապա հագցնեն բռնակները։
7 Առաջավորության հացի սեղանը թող ծածկեն ծիրանի կերպասով, և դրա վրա դնեն ափսեները, խնկամանները, գավաթները և սափորները, որոնցով կատարում են նվիրաբերումը։ Դրա վրա պիտի լինի նաև հանապազօրյա հացը։
8 Այս ամենը թող ծածկեն կարմիր կերպասով, որի վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն, և ապա տեղադրեն բռնակները։
9 Այնուհետև կապույտ կերպասով թող ծածկեն լույսի աշտանակը, նրա երկու ճրագարանները, նրա բռնակները, նրա ճրագակալները և յուղի բոլոր ամանները, որոնցով պաշտամունք են կատարում։
10 Աշտանակն ու նրա մասերը թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով և դնեն լծակների վրա։
11 Ոսկե զոհասեղանը թող ծածկեն կապույտ կերպասով, դրա վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և ապա տեղադրեն բռնակները։
12 Ապա թող վերցնեն պաշտամունքի ողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, պատեն կապույտ կերպասով և ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով ու դնեն լծակների վրա։
13 Զոհասեղանի վրա թող ծածկոց փռեն, ապա այն ծածկեն ծիրանի կերպասով։
14 Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։
15 Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։
16 Այս ամենի վերակացուն Ահարոն քահանայի որդի Եղիազարն է։ Նա թող հոգա լուսավորության յուղի, բաղադրյալ խնկերի, հանապազօրյա զոհերի և օծության յուղի մասին, հսկի ողջ խորանին ու նրա բոլոր պարագաներին, սրբարանին ու նրա ողջ սպասքին»։
17 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ու ասաց.
18 «Թող ղևտացիներից Կահաթի տոհմը չվերանա.
19 այնպե՛ս արեք, որ նրանք ապրեն և Սրբություն սրբոցին մոտենալով՝ չմեռնեն։ Նախ թող Ահարոնն ու նրա որդիները մտնեն ներս և նրանցից յուրաքանչյուրին կարգեն իր բեռը կրելու,
20 որպեսզի անսպասելիորեն ներս չմտնեն և սրբությունները տեսնելով՝ չմեռնեն»։
21 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
22 «Հաշվառի՛ր Գեթսոնի որդիներին ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց գնդերի՝
23 քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու են Վկայության խորանի գործերը։
24 Այս է Գեթսոնի գնդի պարտականությունը ծառայելիս և բարձելիս.
25 նրանք թող կրեն խորանի տանիքը, Վկայության խորանը, արտաքին վարագույրները, խորանի վրա գցվող կապույտ ծածկոցը, Վկայության խորանի դռան վարագույրը,
26 բակի վարագույրները, Վկայության խորանի վրա եղող ամեն ինչ, պարանները և այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում։
27 Գեթսոնի որդիներն իրենց ողջ ծառայության մեջ, թե ինչ են կրելու և ինչ աշխատանք են անելու, թող հետևեն Ահարոնի ու նրա որդիների ցուցմունքներին. նրանց հաշվառե՛ք անուն առ անուն և ճշտե՛ք յուրաքանչյուրի կրելիքը։
28 Այս է Գեթսոնի որդիների պարտականությունը Վկայության խորանում, որոնց վերակացուն Ահարոն քահանայի որդի Իթամարն է»։
29 «Հաշվառե՛ք Մերարիի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝
30 հաշվառե՛ք քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու են Վկայության խորանի գործերը։
31 Նրանց պարտականությունն է կրել խորանի խոյակները, նիգերը, նրա սյուները և նրա խարիսխները, խորանի ծածկոցը, նրանց խարիսխներն ու սյուները և խորանի դռան վարագույրը,
32 բակի չորս կողմերի սյուները, դրանց խարիսխները, բակի դռան վարագույրի սյուները և դրանց խարիսխները, ցցերը, պարաններն ու բոլոր բաղադրիչ մասերը։ Հաշվառե՛ք նրանց անուն առ անուն և ճշտե՛ք, թե ի՛նչ պիտի կրի յուրաքանչյուրը։
33 Այս է Վկայության խորանում Մերարիի որդիների գնդի պարտականությունն իրենց գործերում, Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողության ներքո»։
34 Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխանները հաշվառեցին Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետական տների՝
35 քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու Վկայության խորանի գործերը։
36 Ըստ իրենց գնդերի՝ նրանց թիվը՝ 2,750։
37 Այս է Կահաթի գնդի՝ Վկայության խորանում սպասավորություն կատարող մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։
38 Հաշվառվեցին նաև Գեթսոնի որդիներն ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝
39 քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու են Վկայության խորանի գործերը։
40 Ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝ նրանց թիվը՝ 2,630։
41 Այս է Գեթսոնի որդիների գնդի՝ Վկայության խորանում սպասավորություն կատարող մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։
42 Հաշվառվեցին նաև Մերարիի որդիներն ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝
43 քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու են Վկայության խորանի գործերը։
44 Ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետական տների՝ նրանց թիվը՝ 3,200։
45 Այս է Մերարիի որդիների գնդի մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։
46 Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի իշխանների կատարած հաշվառման արդյունքում բոլոր ղևտացիների թիվն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետական տների՝
47 քսանհինգ տարեկանից մինչև հիսուն տարեկան, բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կրելու են այն,
48 հաշվառվեցին 8,580 հոգի։
49 Տիրոջ հրամանի համաձայն՝ Մովսեսի ձեռքով նրանք հաշվառվեցին, և յուրաքանչյուրին տրվեց իր կատարելիք սպասավորությունն ու մատնանշվեց իր փոխադրելիքը։ Նրանք հաշվառվեցին ըստ Մովսեսին տրված Տիրոջ հրամանի։