Numbers 3
1 Այն օրը, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ, Ահարոնի որդիները սրանք էին.
2 Ահարոն քահանայի որդիների անուններն էին՝ Նադաբ, որ անդրանիկն էր, Աբիուդ, Եղիազար և Իթամար։
3 Սրանք են Ահարոնի որդիները՝ օծված քահանաներ, որոնց սրբագործեցին քահանայագործելու համար։
4 Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։
5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
6 «Վերցրո՛ւ Ղևիի ցեղին և կարգի՛ր Ահարոն քահանայի առջև, որ օգնեն նրան.
7 նրա ու Իսրայելի որդիների փոխարեն պահպանեն Վկայության խորանն ու ծառայեն դրան՝ կատարելով խորանի բոլոր աշխատանքները։
8 Նրանք թող պահպանեն Վկայության խորանի ամբողջ սպասքը և Իսրայելի որդիներին անհրաժեշտ խորանի ողջ ծառայությունը։
9 Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։
10 Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։
11 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
12 «Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն,
13 որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։
14 Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց.
15 «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։
16 Եվ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց ըստ Տիրոջ խոսքի, այնպես, ինչպես նրանց հրամայել էր Տերը։
17 Ղևիի որդիները, ըստ իրենց անունների, սրանք են՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։
18 Գեթսոնի որդիների անունները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։
19 Կահաթի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։
20 Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են.
21 Գեթսոնինը՝ Ղոբենիի գունդն ու Սեմեիի գունդը։ Սրանք Գեթսոնի գնդերն են։
22 Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 7,500։
23 Գեթսոնի այս գնդերը բանակելու են խորանի հետևում՝ դեպի ծովի կողմը։
24 Գեթսոնի տոհմի նահապետական տան առաջնորդը Լաելի որդի Եղիսափանն է։
25 Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը,
26 բակի առագաստները, բակի մուտքի վարագույրները, ինչպես նաև դրանց բոլոր պարագաները։
27 Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։
28 Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 8,300, որոնք և պահպանելու են սրբարանը։
29 Կահաթի որդիների գնդերը բանակելու են խորանի հարավային կողմում։
30 Կահաթի գնդերի նահապետների տան առաջնորդը Ոզիելի որդի Եղիսափանն է։
31 Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։
32 Սրբարանի պահպանությանը հսկում էր ղևտացիների իշխանաց իշխանը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարը։
33 Մերարիինը՝ Մոոլիի գունդն ու Մուսիի գունդը։ Սրանք Մերարիի գնդերն են։
34 Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 6,200։
35 Մերարիի գնդի նահապետների տան իշխանը Աբիքաիլի որդի Սուրիելն է։ Նրանք բանակելու են խորանի հյուսիսային կողմում։
36 Մերարիի որդիները պահպանելու են խորանի խոյակները, նիգերը, սյուները, խարիսխներն ու դրանց բոլոր պարագաները,
37 բակի չորս բոլոր սյուները, սրանց խարիսխները, ցցերը և պարանները։
38 Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։
39 Ղևտացիների ողջ հաշվառումով, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ հրամանով, ըստ իրենց գնդերի, մեկ ամսականից սկսած բոլոր արուները՝ 22,000 հոգի։
40 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների՝ մեկ ամսականից սկսած բոլոր արու անդրանիկներին և գրանցի՛ր նրանց թիվն ըստ իրենց անունների։
41 Ղևտացիներին, սակայն, ինձ պիտի շնորհես Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն, ինչպես և ղևտացիների անասունները՝ Իսրայելի որդիների անասունների առաջին ծնունդների փոխարեն, որովհետև ես եմ Տերը»։
42 Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր անդրանիկներին, ինչպես որ պատվիրել էր Տերը։
43 Իսրայելի որդիների մեկ ամսականից սկսած արու անդրանիկների թիվը անուն առ անուն՝ 22,273։
44 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
45 «Ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն հանձնիր ինձ, ինչպես նաև ղևտացիների անասունները՝ նրանց անասունների անդրանիկների փոխարեն։ Ղևտացիներն ինձ պիտի պատկանեն, որովհետև ես եմ Տերը։
46 Իսրայելի որդիների 273 անդրանիկների դիմաց, որ գերազանցում են ղևտացիների թվին, փրկագին կվերցնես.
47 յուրաքանչյուրի դիմաց՝ հինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սակագնի, ըստ որի՝ մեկ սիկղը հավասար է քսան դանգի։
48 Եվ փրկագնի արծաթը կտաս Ահարոնին ու նրա որդիներին»։
49 Մովսեսը հավաքեց փրկագնի արծաթը ղևտացիների թվից ավելի
50 Իսրայելի որդիների անդրանիկների դիմաց՝ հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սիկղի չափի։
51 Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։