Numbers 2
1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.
2 «Յուրաքանչյուր մարդ թող իր գնդի դրոշակի տակ քայլի՝ ըստ իր նահապետական տան։ Իսրայելի որդիները թող բանակեն ըստ իրենց բանակատեղիի կարգի։
3 Արևելյան կողմում նախ թող Հուդայի ցեղը բանակի իր զորքով, և Հուդայի որդիների իշխանը Ամինադաբի որդի Նաասովնը լինի։
4 Նրա զորքում հաշվառված է 74,600 մարդ։
5 Ապա թող բանակի Իսաքարի ցեղը, և Իսաքարի որդիների իշխանը Սովգարի որդի Նաթանայելը լինի։
6 Նրա զորքում հաշվառված է 54,400 մարդ։
7 Նրանց կողքին թող բանակի Զաբուղոնի ցեղը, և Զաբուղոնի որդիների իշխանը Քելոնի որդի Եղիաբը լինի։
8 Նրա զորքում հաշվառված է 57,400 մարդ։
9 Այս բոլորը կազմում են Հուդայի բանակը՝ 186,400. իրենց զորքով առաջինը թող գնան։
10 Ռուբենի բանակը թող հարավային կողմում հաստատվի իր գնդով, և Ռուբենի որդիների իշխանը Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։
11 Նրա զորքում հաշվառված է 46,500 մարդ։
12 Նրանց կողքին թող բանակի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխանը Սուրիսադայի որդի Սաղամիելը լինի։
13 Նրա զորքում հաշվառված է 59,300 մարդ։
14 Նրանց կողքին թող բանակի Գադի ցեղը, և Գադի որդիների իշխանը Ռագուելի որդի Եղիսափանը լինի։
15 Նրա զորքում հաշվառված է 45,650 մարդ։
16 Այս բոլորը կազմում են Ռուբենի բանակը՝ 151,450 մարդ. իրենց զորքով երկրորդը թող գնան։
17 Այնուհետև պիտի շարժվի Վկայության խորանը և ղևտացիների խումբը՝ բանակների մեջտեղում. ինչպես որ բանակում են, այնպես էլ թող գնան՝ յուրաքանչյուրն ըստ իր կարգի՝ միմյանց հետևից։
18 Եփրեմի բանակը թող ծովի կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Եփրեմի որդիների իշխանը Եմիուդի որդի Եղիսաման լինի։
19 Նրա զորքում հաշվառված է 40,500 մարդ։
20 Նրանցից հետո թող բանակի Մանասեի ցեղը, և Մանասեի որդիների իշխանը Փադասուրի որդի Գամաղիելը լինի։
21 Նրա զորքում հաշվառված է 32,300 մարդ։
22 Նրանցից հետո բանակողը Բենիամինի գունդը թող լինի, և Բենիամինի որդիների իշխանը Գեդեոնի որդի Աբիդանը լինի։
23 Նրա զորքում հաշվառված է 35,400 մարդ։
24 Այս բոլորը կազմում են Եփրեմի բանակը՝ 180,200 մարդ. իրենց զորքով երրորդը թող գնան։
25 Դանի բանակը թող հյուսիսային կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Դանի որդիների իշխանը Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։
26 Նրա զորքում հաշվառված է 62,700 մարդ։
27 Նրանցից հետո բանակողը Ասերի ցեղը թող լինի, և Ասերի որդիների իշխանը Եքրանի որդի Փագեելը լինի։
28 Նրա զորքում հաշվառված է 41,500 մարդ։
29 Նրանցից հետո բանակողը Նեփթաղիմի ցեղը թող լինի, և Նեփթաղիմի որդիների իշխանը Ենանի որդի Աքիրեն լինի։
30 Նրա զորքում հաշվառված է 53,400 մարդ։
31 Այս բոլորը կազմում են Դանի բանակը՝ 157,600 մարդ, իրենց զորքով վերջինը թող գնան՝ ըստ իրենց գնդերի»։
32 Այս է Իսրայելի որդիների հաշվառումը՝ ըստ իրենց նահապետական տների, բանակների ամբողջական հաշվառումով, իրենց զորախմբերով հանդերձ՝ 603,650 մարդ։
33 Ղևտացիները, սակայն, նրանց հետ չհաշվառվվեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
34 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակում էին ըստ իրենց գնդերի և մեկնում՝ յուրաքանչյուրն իր զորախմբի հետ, ըստ իրենց նահապետական տների։