Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 30

:
Armenian - NEA
1 Մովսեսն Իսրայելի որդիներին հաղորդեց այն ամենը, ինչ Տերն էր պատվիրել իրեն։
2 Մովսեսն Իսրայելի որդիների իշխաններին ասաց. «Ահա թե ի՛նչ է հրամայել Տերը.
3 “Եթե որևէ մեկը Տիրոջը ուխտ է անում, երդվում կամ երդումով պարտավորվում է մի բան անել, ապա նա չպետք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից։
4 Եթե մի կին իր հոր տանը դեռևս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել կամ երդումով պարտավորվել անել,
5 և եթե նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը և լռելյայն հավանություն տվել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները ուժի մեջ պետք է մնան և կատարվեն։
6 Իսկ եթե նրա հայրը հավանություն չի տվել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա անվավեր թող լինեն դրանք, և Տերն այդ կնոջն անպարտ թող համարի, քանի որ նրա հայրը հանձնառու չի եղել։
7 Եթե կինն ամուսնանա և նախքան ամուսնանալը Տիրոջն ուխտ արած կամ խոստում տված լինի,
8 ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։
9 Իսկ եթե նրա ամուսինը հավանություն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են, քանի որ ամուսինը հանձնառու չի եղել։ Տերն այդ կնոջն անպարտ թող համարի։
10 Այրի կամ բաժանված կնոջ ուխտերն ու խոստումները պետք է կատարվեն։
11 Իսկ եթե կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տվել,
12 և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին և լռելյայն հավանություն տվել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումներն ուժի մեջ են. դրանք պետք է կատարվեն։
13 Իսկ եթե նրա ամուսինը լսած օրը կտրականապես խափանի կնոջ շուրթերով արված ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվավեր են, կարող են չկատարվել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջև այդ կինն անպարտ է։
14 Ինքն իրեն զրկելու համար արված յուրաքանչյուր ուխտ կամ խոստում նրա ամուսինը պետք է հաստատի կամ մերժի։
15 Եթե կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղյակ լինի ամուսինը և բազում օրեր լռի, ուրեմն հաստատած և ընդունած է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել։
16 Եվ եթե նրա ամուսինն իր լսած օրից հետո առարկի, ուրեմն ինքն է իր վրա կրում մեղքը”»։
17 Սրանք են այն պատգամները, որ Տերը տվեց Մովսեսին ամուսնու և նրա կնոջ, հոր և նրա դստեր մասին, որը դեռևս երիտասարդ հասակում իր հոր տանն է գտնվում։