Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 31

:
Armenian - NEA
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Իսրայելի որդիների վրեժն ա՛ռ մադիանացիներից և դրանից հետո միացի՛ր քո նախնիներին»։
3 Մովսեսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից զինե՛ք տղամարդկանց, որ պատերազմեն Մադիամի դեմ Տիրոջ առաջ, որպեսզի Տիրոջ վրեժն առնեք Մադիամից։
4 Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից հազարական այր ուղարկե՛ք պատերազմելու համար»։
5 Եվ Իսրայելի որդիների ամեն մի ցեղից ընտրեցին հազարական տղամարդ, ընդամենը տասներկու հազար՝ զինված պատերազմելու համար։
6 Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին՝ նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության փողերը։
7 Նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դեմ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք կոտորեցին բոլոր արուներին։
8 Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։
9 Մադիամի կանանց, նրանց երեխաներին, նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցվածքն ու կարողությունն ավար առան։
10 Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները, որտեղ բնակվում էին, ինչպես նաև նրանց ավանները։
11 Գերեվարեցին ու ավար առան նրանց ամեն ինչը՝ մարդ թե անասուն։
12 Գերիներին, բանակի կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ Մովաբի հովտում, Երիքովի դիմաց, Հորդանանի եզերքին։
13 Մովսեսն ու Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։
14 Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝
15 ասելով. «Ինչո՞ւ եք կենդանի թողել բոլոր կանանց։
16 Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։
17 Արդ, կոտորե՛ք բոլոր արու երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդու են մերձեցել, կոտորե՛ք։
18 Իսկ բոլոր կանանց, որոնք տղամարդու չեն մերձեցել, խնայե՛ք։
19 Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս բնակվեք։ Ով սպանել է կամ ձեռք տվել մեռածի, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը։
20 Մաքրե՛ք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»։
21 Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերադարձած զինվորներին. «Այս է Օրենքի կարգը, որ Տերը տվել է Մովսեսին.
22 ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի
23 այն ամենը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրվի, ապա նաև սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանա, թող ջրով մաքրվի։
24 Ձեր հագուստները յոթերորդ օրը լվալով՝ մաքուր կլինեք, որից հետո կմտնեք բանակատեղի»։
25 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
26 «Դու, Եղիազար քահանան և ժողովրդի նահապետական տների իշխանները կազմե՛ք ավարի ցանկը՝ մարդուց մինչև անասուն։
27 Ավարը բաժանե՛ք պատերազմին մասնակցածների և ամբողջ ժողովրդի միջև։
28 Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարյուր գերիներից մեկին կընծայեք Տիրոջը։ Նույնը նաև անասունների վերաբերյալ՝ լինի արջառ, ոչխար ու այծ։
29 Պատերազմիկների բաժնից կառնես ու կտաս Եղիազար քահանային՝ իբրև Տիրոջը մատուցվելիք նվեր,
30 իսկ Իսրայելի որդիներին հասնող բաժնի ամեն հիսուն գերիներից և բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մեկը կհանձնես ղևտացիներին, որոնք ծառայում են Տիրոջ խորանում»։
31 Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։
32 Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած ավարի ընդհանուր թիվը՝ 675,000 ոչխար,
33 72,000 արջառ,
34 61,000 էշ։
35 Այն կանանց թիվը, որոնք տղամարդու չէին մերձեցել, 32,000 էր։
36 Պատերազմի մասնակիցների ավարի բաժինը՝ 337,500 ոչխար,
37 որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 675 ոչխար,
38 36,000 արջառ, որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 72-ը,
39 և 30,500 էշ, որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 61-ը,
40 իսկ գերեվարված մարդկանց թիվը՝ 16,000, որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 32 հոգի։
41 Մովսեսը Տիրոջ հասը՝ Աստծու նվերը, հանձնեց Եղիազար քահանային, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
42 Սա ավարի այն կեսից էր, որ Մովսեսը որպես բաժին տվել էր պատերազմի մասնակիցներին։
43 Ժողովրդին բաժին ընկնող ավարի մյուս կեսն էր՝ 337,500 ոչխար,
44 36,000 արջառ,
45 30,500 էշ
46 և 16,000 մարդ։
47 Մովսեսը Իսրայելի որդիներին հասնող ավարի այս բաժնից յուրաքանչյուր հիսուն մարդուց և անասունից վերցրեց մեկին և տվեց ղևտացիներին, որոնք ծառայում էին Տիրոջ խորանում, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
48 Մովսեսին ներկայացան բոլոր զորահրամանատարները՝ հազարապետներն ու հարյուրապետները,
49 և ասացին նրան. «Մենք՝ քո ծառաները, հաշվառման ենթարկեցինք ռազմիկներին և տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում։
50 Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ ոսկյա իր որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ՝ թևնոց, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք»։
51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկուց պատրաստված բոլոր իրերը։
52 Հազարապետների կողմից Տիրոջը որպես հաս տրված ամբողջ ոսկին 16,750 սիկղ էր։
53 (Որովհետև ռազմիկներից յուրաքանչյուրն ավարից իր համար բաժին էր վերցրել)։
54 Մովսեսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարյուրապետներից վերցնելով ոսկին, տարան Վկայության խորան՝ որպես Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։