Numbers 15
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որ ես տալու եմ ձեզ,
3 և Տիրոջը ողջակեզ, ողջընծայի զոհ մատուցեք, դրանք լինեն ուխտի, կամավոր, ձեր տոնակատարությունների առթիվ մատուցվող զոհ՝ որպես անուշահոտություն Տիրոջը, եթե արջառ է կամ ոչխար,
4 զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաև քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ,
5 ողջակեզ կամ զոհ մատուցելիս՝ քառորդ դորակ գինի որպես հեղման ընծա. յուրաքանչյուր զոհաբերվող գառան համար այդչափ գինի կընծայես՝ որպես անուշահոտություն Տիրոջ համար։
6 Խոյը ողջակիզելիս կամ իբրև զոհ նվիրաբերելիս մատուցի՛ր մեկ երրորդ դորակ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ,
7 ինչպես նաև որպես հեղման ընծա՝ մեկ երրորդ դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
8 Իսկ եթե Տիրոջը արջառ մատուցեք՝ որպես ողջակեզ կամ ուխտի կատարման զոհ կամ փրկության զոհ,
9 զվարակի հետ կես դորակ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ կնվիրաբերես,
10 և որպես հեղման ընծա՝ կես դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
11 Այդպես կվարվես մեկ զվարակի, մեկ խոյի, մեկ գառան, մեկ ոչխարի կամ այծի դեպքում.
12 ըստ զոհերի թվի, որ կմատուցեք, նույնն արեք յուրաքանչյուրի դեպքում՝ ըստ դրանց թվի։
13 Բոլոր բնիկները թող այդպես անեն՝ նույնպիսի ընծաներ մատուցելով իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
14 Եվ եթե մի եկվոր միանա ձեզ ձեր երկրում և սերնդեսերունդ ապրի ձեզ հետ և ընծա մատուցի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես դուք եք անում, նույնպես էլ թող անի եկվորը. ողջ ժողովուրդն այդպես պիտի զոհ մատուցի Տիրոջը։
15 Միևնույն օրենքը պետք է գործի և՛ ձեզ համար, և՛ ձեզ հետ բնակվող եկվորի համար։ Դա հավիտենական օրենք պետք է լինի ձեր սերունդների համար։ Ինչպիսին դուք եք, այդպիսին էլ պետք է լինի եկվորը Տիրոջ առջև։
16 Միևնույն օրենքը պետք է գործի, միևնույն իրավունքը պիտի ունենաք և՛ դուք, և՛ ձեր մեջ բնակվող եկվորը”»։
17 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
18 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ,
19 և երբ այդ երկրի հացից ուտեք, մի մասն իբրև նվեր տվեք Տիրոջը.
20 ձեր առաջին խմորից Տիրոջը որպես հաս հաց կտանեք, այն կհատկացնեք Տիրոջը կալից ստացվածի հասի պես։ Այդպես էլ այն առանձնացրեք
21 և ձեր առաջին խմորից Տիրոջը սերնդեսերունդ հաս տվեք։
22 Եթե մեղանչեք և չկատարեք այս բոլոր պատվիրանները, որ պատվիրեց Տերը Մովսեսին,
23 ինչպես որ Տերը Մովսեսի միջոցով հրամայել էր ձեզ և այն օրից հավիտյանս պատվիրել ձեզ և ձեր սերունդներին,
24 և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։
25 Քահանան թող քավություն անի Իսրայելի որդիների ողջ հավաքի համար և թողություն տա նրանց, քանի որ ակամա են մեղանչել և բերել են իրենց ընծան որպես զոհ Տիրոջը՝ նրա հանդեպ գործած մեղքերի, իրենց ակամա հանցանքի համար։
26 Եվ թող ներվի Իսրայելի որդիների ողջ հավաքին, ինչպես նաև ձեզ մոտ հաստատված եկվորին, որովհետև ողջ ժողովուրդն է ակամա հանցանք գործել։
27 Իսկ եթե մի անձ ակամա մեղանչում է, թող մեկ տարեկան մի էգ ուլ մատուցի մեղքերի քավության համար։
28 Քահանան թող քավություն անի ակամա մեղանչողի՝ Տիրոջ առջև ակամա մեղք գործողի մեղքերին։
29 Իսրայելի որդիների բնիկներին և նրանց մեջ հաստատված եկվորի համար մի օրենք թող գործի ակամա մեղանչողի համար։
30 Իսկ այն անձը, որ գիտակից կերպով մեղանչի, բնիկ լինի թե եկվոր, եթե Աստծուն բարկացնի, այդ անձը թող վերանա իր ժողովրդի միջից,
31 որովհետև արհամարհեց Տիրոջ խոսքը և նրա պատվիրաններն անտեսեց։ Այն անձը թող բնաջնջվի իր ժողովրդի միջից, քանի որ նրա մեղքն իր մեջ է”»։
32 Իսրայելի որդիներն անապատում էին։ Նրանք տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։
33 Տեսնողները նրան՝ շաբաթ օրը փայտ հավաքողին, բերեցին Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ
34 և բանտարկեցին, որովհետև չէին կարողանում որոշել, թե ի՛նչ անեն նրան։
35 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մահվան թող դատապարտվի այդ մարդը։ Ողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։
36 Եվ ողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս հանեց, և ողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս քարկոծեց նրան, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։
37 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
38 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների քղանցքներին ծոպեր անեն, և քղանցքների ծոպերին կապույտ ժապավեն դնեն։
39 Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։
40 Որպեսզի դուք հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները, և սուրբ կլինեք ձեր Աստծու առջև,
41 քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ եգիպտացիների երկրից, որպեսզի լինեմ ձեր Աստվածը։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։