Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 14

:
Armenian - NEA
1 Եվ ողջ ժողովուրդն աղաղակեց, ու ազգը լացեց ողջ գիշեր։
2 Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։
3 Եվ ինչո՞ւ է Տերը մեզ տանում այն երկիրը՝ պատերազմում ընկնելու, իսկ մեր կանանց ու մեր զավակներին՝ հափշտակվելու։ Արդ, մեզ համար ավելի լավ չէ՞ վերադառնալ Եգիպտոս»։
4 Եվ մեկը մյուսին ասացին. «Եկեք հրամանատար ընտրենք և վերադառնանք Եգիպտոս»։
5 Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան Իսրայելի բոլոր որդիների առջև։
6 Իսկ Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատառոտեցին իրենց հանդերձները
7 և խոսեցին Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այն երկիրը, որ մենք հետախուզեցինք, չափազանց լավն է։
8 Եթե Աստված մեր նկատմամբ բարեհաճ լինի, մեզ կառաջնորդի այն երկիրը և այն կտա մեզ։ Այն մի երկիր է, որ կաթ ու մեղր է բխեցնում։
9 Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
10 Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։ Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։
11 Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի զայրացնի ինձ, մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ այն բոլոր հրաշքներից հետո, որ կատարեցի նրանց մեջ։
12 Թո՛ւյլ տուր ինձ՝ հարվածեմ մահվամբ և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հոր տունը անեմ մեծ ազգ ու ավելի բազմանդամ, քան այս»։
13 Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Այժմ եգիպտացիներն իմացան, որ դու քո մեծ ուժով այս ժողովրդին հանեցիր իրենց միջից,
14 և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։
15 Արդ, եթե դու այդ ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա ազգերը, որ լսեցին քո անունը, կասեն.
16 “Քանի որ Տերը չկարողացավ այս ժողովրդին տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, ոչնչացրեց նրանց այս անապատում”։
17 Արդ, թող բարձրանա քո ձեռքը, Տե՛ր, ինչպես որ խոսեցիր ու ասացիր,
18 թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։
19 Ելնելով քո մեծ ողորմությունից՝ թողությո՛ւն տուր քո ժողովրդի մեղքերին, ինչպես ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչև հիմա»։
20 Տերն ասաց Մովսեսին. «Կներեմ նրանց, ինչպես դու ասացիր,
21 բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, և Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը։
22 Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,
23 չեն տեսնի այն երկիրը, որ ես խոստացա նրանց հայրերին։ Այլ այս երկիրը կտամ նրանց որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղյակ են չարին ու բարուն, անփորձ մանուկներ են։ Եվ բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։
24 Իսկ իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց և եկավ իմ հետևից, կտանեմ այն երկիրը, ուր նա մտավ, և նրա հետնորդները կժառանգեն այն։
25 Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորում. դուք վաղը վերադարձե՛ք և գնացե՛ք անապատով՝ Կարմիր ծով տանող ճանապարհով»։
26 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ու ասաց.
27 «Մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ, որ այս չար ժողովուրդը տրտնջա իմ առջև։ Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը ձեր դեմ։
28 Արդ, նրանց կասես. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես կվարվեմ ձեզ հետ այն խոսքերի համաձայն, որ ասացիք իմ ականջներին.
29 ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։
30 Չեք մտնի այն երկիրը, որի վրա բարձրացնելով իմ ձեռքը՝ երդվեցի՝ “Ձեզ կբնակեցնեմ այնտեղ”, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
31 Իսկ ձեր զավակները, որոնց մասին ասացիք, թե կհափշտակվեն, նրանց կտամ այդ երկիրը, նրանք կժառանգեն այն, որից դուք հրաժարվեցիք։
32 Ձեր ոսկորները ցրիվ կգան այս անապատում,
33 իսկ ձեր զավակները քառասուն տարի կթափառեն այս անապատում և կհատուցեն ձեր պոռնկության դիմաց, մինչև ձեր ոսկորները մաշվեն այս անապատում։
34 Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։
35 Ես՝ Տերս, ասացի, մի՞թե այդպես չեմ վարվելու իմ վրա ելած այս չար ժողովրդի նկատմամբ։ Այս անապատում պիտի հյուծվեն և այստեղ էլ պիտի մեռնեն”»։
36 Եվ այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու երկիրը և որոնք վերադառնալով ժողովրդի առաջ թյուր բաներ ասացին՝ չար համբավ տարածելով այդ երկրի մասին,
37 այդ մարդիկ, որոնք չար համբավ տարածեցին այդ երկրի մասին, չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առաջ։
38 Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։
39 Մովսեսն Իսրայելի բոլոր որդիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, և ժողովուրդը մեծապես սգաց։
40 Եվ վաղ առավոտյան բարձրացան լեռան գագաթը և ասացին. «Այո՛, մեղանչեցինք, սակայն այժմ պատրաստ ենք բարձրանալու այն տեղը, որ Տերն ասաց»։
41 Եվ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խոսքը։ Դուք հաջողություն չեք ունենա։
42 Մի՛ ելեք, որովհետև Տերը ձեզ հետ չէ, և կընկնեք ձեր թշնամիների առաջ։
43 Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևն են, և դուք կընկնեք սրով։ Քանի որ հեռացաք Տիրոջից և նրան չանսացիք, Տերը ձեզ հետ չի լինի»։
44 Բայց նրանք չլսեցին ու բարձրացան լեռան գագաթը, սակայն Տիրոջ Ուխտի տապանակն ու Մովսեսը բանակատեղիից չշարժվեցին։
45 Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։