Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 13

:
Armenian - NEA
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Մարդի՛կ ուղարկիր՝ հետախուզելու քանանացիների երկիրը, որ ես իբրև կալվածք տալու եմ Իսրայելի որդիներին։ Յուրաքանչյուր ցեղից մի մարդ, նրանց նահապետական տների ամենագլխավորներին ուղարկի՛ր»։
3 Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։
4 Եվ սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղինը՝ Զաքուրի որդի Սալամիելը,
5 Շմավոնի ցեղինը՝ Սուրիի որդի Սափատը,
6 Հուդայի ցեղինը՝ Հեփոնեի որդի Քաղեբը,
7 Իսաքարի ցեղինը՝ Հովսեփի որդի Գաղամը,
8 Եփրեմի ցեղինը՝ Նավեի որդի Ավսեն,
9 Բենիամինի ցեղինը՝ Ռափուի որդի Փալտին,
10 Զաբուղոնի ցեղինը՝ Սուդիի որդի Գուդիելը,
11 Հովսեփի ցեղինը՝ Մանասեի որդիներից՝ Սուսիի որդի Գադդին,
12 Դանի ցեղինը՝ Գամալիի որդի Ամիելը,
13 Ասերի ցեղինը՝ Միքայելի որդի Սաթուրը,
14 Նեփթաղիմի ցեղինը՝ Հաբիի որդի Նաբին,
15 Գադի ցեղինը՝ Մակքիի որդի Գուդիելը։
16 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։
17 Եվ Մովսեսը Փառանի անապատից նրանց ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը, և ասաց նրանց. «Գնացե՛ք անապատով և բարձրացե՛ք լեռը,
18 քննե՛ք այն երկիրը, թե ինչպիսի՛ն է, և այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, հզո՞ր է, թե՞ թույլ, սակավաթի՞վ են, թե՞ բազմամարդ,
19 Ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, բարի՞ է, թե՞ չար, և ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ նրանք բնակվում են, պարսպապա՞տ են, թե՞ անպարիսպ,
20 ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ լքված, ծառեր կա՞ն այնտեղ, թե՞ ոչ։ Եվ աշխատե՛ք վերցնել այն երկրի պտուղներից»։ Գարնան վերջն էր՝ առաջին խաղողի հասունանալու ժամանակը։
21 Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։
22 Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։
23 Հասան մինչև Ողկույզի [𝕸 Էշքոլ ] ձորը, հետախուզեցին այն, կտրեցին որթի ուռ և նրանից խաղողի մի ողկույզ, բարձեցին այն լծակներով։ Նաև նուռ ու թուզ վերցրին։
24 Եվ այդ վայրն անվանեցին Ողկույզի ձոր այն ողկույզի պատճառով, որ կտրեցին Իսրայելի որդիները։
25 Քառասուն օր հետո Իսրայելի որդիները վերադարձան այն երկիրը հետախուզելուց։
26 Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները,
27 պատմեցին նրանց ու ասացին նրան. «Հասանք այն երկիրը, ուր մեզ ուղարկեցիր, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, և ահա նրա պտուղները։
28 Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։
29 Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։
30 Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
31 Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։
32 Եվ նրանք վախեցրին Իսրայելի որդիներին այն երկրով, որ հետախուզել էին՝ ասելով. «Այն երկիրը, ուր մենք գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։ Եվ ողջ ազգը, որ մենք տեսանք այնտեղ, հաղթանդամ մարդիկ են։
33 Այնտեղ տեսանք նաև հսկաների, որոնց համեմատ մենք մորեխների ենք նմանվում»։