Numbers 10
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Երկու կռածո փո՛ղ պատրաստիր, արծաթի՛ց պատրաստիր դրանք։ Դրանք թող ծառայեն քեզ ժողովրդին հավաքելու և բանակների մեկնելն ազդարարելու համար։
3 Երբ նրանցով փողահարեն, ողջ ժողովուրդը թող հավաքվի Վկայության խորանի դուռը։
4 Իսկ եթե մեկ փող հնչեցնեն, թող քեզ ներկայանան բոլոր իշխանները՝ Իսրայելի հրամանատարները։
5 Երբ մեկնելու ազդարարությամբ փող հնչեցնեք, թող ճանապարհ ընկնեն արևելյան մասում բանակած գնդերը։
6 Երբ մեկնելու երկրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն հարավային մասում բանակած գնդերը։ Երբ մեկնելու երրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն արևմտյան մասում բանակած գնդերը։ Եվ երբ հնչի մեկնելու չորրորդ ազդարարությունը, ճանապարհ թող ընկնեն հյուսիսային մասում բանակած գնդերը։ Մեկնելու ազդարարության փող թող փչեն ճանապարհ ընկնելիս։
7 Երբ ժողովրդին հավաքելու լինեք, փո՛ղ հնչեցրեք, բայց ոչ մեկնելու ազդարարության։
8 Փողահարությունը Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է անեն։ Ձեր սերունդների մեջ հավիտենական օրենք թող լինի ձեզ համար։
9 Եթե ձեր երկրում պատերազմի ելնեք ձեր հակառակորդների դեմ, փո՛ղ հնչեցրեք և կհիշվեք Տիրոջ առջև ու կփրկվեք ձեր թշնամիներից։
10 Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
11 Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ Վկայության խորանի վրայից։
12 Իսրայելի որդիներն իրենց ամբողջ ունացվածքով մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։
13 Իսրայելի որդիները մեկնեցին ըստ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի։
14 Նախ ճանապարհ ընկան Հուդայի բանակի գնդերն իրենց զորքերով։ Հուդայի ցեղի զորքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասովնն էր։
15 Իսաքարի ցեղի զորքի առաջնորդը Սովգարի որդի Նաթանայելն էր։
16 Զաբուղոնի ցեղի զորքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր։
17 Գեթսոնի ու Մերարիի որդիները խորանը իջեցնում էին, բարձում ու մեկնում։
18 Ապա շարժվեցին Ռուբենի բանակի գնդերն իրենց զորքերով։ Սրանց զորքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։
19 Շմավոնի ցեղի զորքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիելն էր։
20 Գադի ցեղի զորքի առաջնորդը Ռագուելի որդի Եղիսափանն էր։
21 Ապա շարժվեցին Կահաթի որդիները, որոնք պետք է փոխադրեին սրբությունները, և մինչև նրանց հասնելը մյուսները պետք է կանգնեցնեին խորանը։
22 Ապա շարժվեցին Եփրեմի բանակի գնդերն իրենց զորքերով։ Եփրեմի ցեղի զորքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր։
23 Մանասեի ցեղի զորքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիելն էր։
24 Բենիամինի ցեղի զորքի առաջնորդը Գեդեոնի որդի Աբիդանն էր։
25 Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։
26 Ասերի ցեղի զորքի առաջնորդը Եքրանի որդի Փագեելն էր։
27 Նեփթաղիմի ցեղի զորքի առաջնորդը Ենանի որդի Աքիրեն էր։
28 Սրանք են Իսրայելի որդիների զորքերը, որոնք մեկնեցին իրենց զորքերով։
29 Մովսեսն իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի որդուն՝ Հովբաբին ասաց. «Ահա մենք շարժվում ենք դեպի այն երկիրը, որ Աստված խոստացավ տալ մեզ։ Արի՛ մեզ հետ, և քեզ բարիք կանենք, որովհետև Տերը Իսրայելին բարիքներ է խոստացել»։
30 Նա պատասխանեց. «Ես չեմ գա, այլ կգնամ իմ երկիրն ու իմ ազգականների մոտ»։
31 Մովսեսն ասաց նրան. «Մի՛ լքիր մեզ, մեզ հետ էիր անապատում, առաջնորդի՛ր մեզ անապատում։
32 Եթե մեզ հետ գաս, Տերն ինչ բարիք որ մեզ անի, նույնը կանենք քեզ»։
33 Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։
34 Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՜ր, և թող ցանուցիր լինեն քո թշնամիները, թող փախուստի դիմեն բոլոր քեզ ատողները»։
35 Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Դարձի՛ր, Տե՜ր, դեպի Իսրայելի հազարավոր ու բյուրավոր որդիները»։
36 Երբ բանակատեղիից մեկնում էին, ամպը ցերեկը հովանի էր լինում նրանց վրա։