1Ժողովրդի և նրանց կանանց կողմից իրենց եղբայրների դեմ մեծ աղաղակ բարձրացավ։
2Ոմանք ասում էին. «Մեր որդիների և մեր դուստրերի համար, որոնց կերակուրը չի բավարարում, գնանք և ցորեն գնենք, որպեսզի ապրենք»։
3Ուրիշներն էլ ասում էին. «Մեր անդաստաններն ու այգիները գրավ դնենք և ցորեն առնենք ու ուտենք»։
4Կային նաև, որ ասում էին. «Մեր ունեցածը փոխանակեցինք ոսկու և արծաթի հետ և թագավորի հարկը վճարեցինք։
5Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։
6Ես մեծապես տրտմեցի, երբ լսեցի այս աղաղակն ու նրանց խոսքերը։
7Խորհեցի իմ մտքում և ապա հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին՝ ասելով. «Դո՞ւք եք, որ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից»։ Ապա հրամայեցի մեծ ժողով գումարել
8և ասացի նրանց. «Մենք փրկում ենք մեր հրեա եղբայրներին, որ վաճառվել են հեթանոսներին, և այժմ դուք, առանց մեր գիտության, վաճառո՞ւմ եք նրանց»։ Լռեցին և ոչինչ չկարողացան պատասխանել։
9Ես շարունակեցի. «Ճիշտ չէ ձեր արածը, որովհետև չեք երկնչում Աստծուց և այդ պատճառով էլ զերծ չմնացինք հեթանոսների և մեր թշնամիների նախատինքներից»։
10Ապա իմ եղբայրներին և ծանոթներին ես ասացի. «Ե՛վ ես, և՛ դուք, արծաթ և հարստություն տանք այն ամենի դիմաց, որ պահանջում են հարկահանները,
11և այսօր վերադարձնենք դրանց անդաստանները, այգիները, ձիթենիներն ու տները և թող մեր արծաթով ցորեն, գինի ու ձեթ գնվի և տրվի դրանց»։
12Այն ժամանակ իշխաններն ու այլ մեծամեծներ ասացին. «Կվերադարձնենք և դրանցից ոչինչ չենք պահանջի և կանենք այնպես, ինչպես հրամայում ես»։ Ապա կանչեցի քահանաներին և նրանց այս խնդրի համար երդվեցնելով՝
13ուժգին թոթափեցի իմ վերարկուն և ասացի. «Աստված թող այսպես թոթափի ամեն մեկին, որ չկատարի այս խոսքերը, իր տնից ու իր վաստակից և թող այսպես ունայնացած ու թոթափված լինի իր ունեցվածքից»։ Բոլոր ժողովականներն ասացին՝ ամեն։ Ապա օրհնեցին Տիրոջը, ու ողջ ժողովուրդը կատարեց այս խնդիրքը։
14Այն օրից, երբ ես Հուդայի իշխան նշանակվեցի, Արտաշես արքայի քսաներորդ տարվանից մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները, իշխաններ լինելով, ոչ ոքից բռնի չկերանք և չխմեցինք։
15Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։
16Իսկ պարսպի գործը հաջողությամբ առաջ էր ընթանում. ոչ ոքի չբռնացա՝ անդաստան կամ այգի գրավելու համար։ Եվ ամեն ոք անխափան աշխատում էր պարսպի վրա։
17Բացի այդ, ամեն օր իմ սեղանին մասնակցում էին հարյուր հրեաներ և ուրիշներ, որ մեզ մոտ էին գալիս մեզ շրջապատող հեթանոսներից։
18Ամեն օր իմ ծախսն էր՝ մի զվարակ, վեց ընտիր ոչխար և մի այծ, իսկ տասը օրը մեկ բոլորին առանց խնայելու գինի էի տալիս. ոչ ոքից հաց չխլեցի, որովհետև գիտեի, որ ժողովրդի գործերը դժվար էին։
19Աստված թող բարությամբ հիշի ինձ այն ամենի համար, որ արեցի ողջ ժողովրդի նկատմամբ։