Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Mark 2

:
Armenian - NEA
1 Մի քանի օր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։
2 Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։
3 Եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին շալակել էին չորս հոգով։
4 Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։
5 Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։
6 Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին.
7 «Այս ի՞նչ հայհոյություն է խոսում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։
8 Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում.
9 ո՞րն է ավելի դյուրին. ասել անդամալույծին “Մեղքերդ քեզ ներվա՞ծ են”, թե՞ “Վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն”։
10 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի,- ասաց անդամալույծին,-
11 քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։
12 Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։
13 Հիսուսը դարձյալ գնաց լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, իսկ նա ուսուցանում էր նրանց։
14 Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։
15 Երբ Հիսուսը նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։
16 Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսավորների ու մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում և խմում»։
17 Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
18 Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում, ոմանք եկան և Հիսուսին հարցրին. «Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։
19 Հիսուսը նրանց պատասխանեց. «Մի՞թե հարսանիք հրավիրվածներին կարելի է ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է, չի կարելի ծոմ պահել։
20 Բայց կգան օրեր, երբ փեսան իրենցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն այդ օրը։
21 Ոչ ոք նոր, խավը չթափված կտավի կտորը չի կարկատի հնացած զգեստի վրա, ապա թե ոչ, նոր կտորն ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատռվածքն ավելի վատթար կլինի։
22 Նաև ոչ ոք նոր գինի չի լցնի հին տիկերի մեջ, ապա թե ոչ, նոր գինին կպայթեցնի հին տիկերը. գինին կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։
23 Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով։ Նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել և ուտել։
24 Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, որ Օրենքի դեմ է»։
25 Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք երբևիցե չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ կարիքի մեջ ընկավ, քաղց զգալով, ինքը և նրանք, որ իր հետ էին։
26 Ինչպե՞ս մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք և Առաջավորության հացը կերավ՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. այնինչ օրինավոր չէր ուտել, քահանաներից բացի»։
27 Ապա նրանց ասաց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար։
28 Ուրեմն՝ Մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա»։