Mark 3
1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։
2 Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։
3 Հիսուսը չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։
4 Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։
5 Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։
6 Այն ժամանակ փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։
7 Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց լճի եզերքը։ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից,
8 Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին. բազում ժողովուրդ էր գալիս նրա մոտ, երբ լսում էր, թե նա ինչքա՛ն բաներ է անում։
9 Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստ պահեն իր համար բազմության պատճառով, որպեսզի իրեն չսեղմեն։
10 Քանի որ շատերին էր բժշկել, ուստի բոլոր նրանք, ովքեր որևէ հիվանդություն ունեին, գալիս խռնվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։
11 Իսկ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։
12 Հիսուսը խստիվ սաստում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։
13 Հիսուսը բարձրացավ լեռը և իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ, և նրանք գնացին նրա մոտ։
14 Եվ Հիսուսը նրանցից տասներկուսին ընտրեց, որ իր հետ լինեն, որ նրանց քարոզելու ուղարկի,
15 և որ իշխանություն ունենան հիվանդություններ բուժելու և դևեր հանելու։
16 Սիմոնի անունը դրեց Պետրոս.
17 ընտրեց նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց կոչեց Բաներեգես, այսինքն՝ Որոտման որդիներ.
18 ինչպես նաև Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, մաքսավոր Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն
19 և Հուդա Իսկարիովտացուն, որը և նրան մատնեց։
20 Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։
21 Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
22 Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։
23 Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։
24 Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։
25 Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։
26 Եթե սատանան ինքն իր դեմ է դուրս եկել և բաժանվել, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։
27 Ոչ ոք չի կարող ուժեղ մարդու տունը մտնելով՝ նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն, և դրանից հետո միայն կկողոպտի նրա տունը։
28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի,
29 բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա»։
30 Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին՝ «Նրա մեջ պիղծ ոգի կա»։
31 Եկան Հիսուսի եղբայրներն ու մայրը և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու։
32 Այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Երբ հայտնեցին նրան՝ «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և քեզ են ուզում»,
33 նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։
34 Ապա նայելով իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, ասաց. «Ահավասիկ իմ մայրը և իմ եղբայրները.
35 որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը»։