Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Mark 1

:
Armenian - NEA
1 Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։
2 Ինչպես գրված է մարգարեների գրքերում. «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, որ կպատրաստի քո ճանապարհը ։
3 Անապատում կանչողի ձայնն է. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները” »։
4 Եվ Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։
5 Ամբողջ Հրեաստանը և բոլոր երուսաղեմացիները գնում էին նրա մոտ և խոստովանելով իրենց մեղքերը՝ նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում։
6 Հովհաննեսն ուղտի բրդից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի կապում։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։
7 Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։
8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի»։
9 Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։
10 Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։
11 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
12 Հոգին նրան անմիջապես անապատ տարավ։
13 Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց սատանայից։ Գազանների հետ էր, հրեշտակներն էլ ծառայում էին նրան։
14 Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուսը Գալիլեա եկավ. նա քարոզում էր Աստծու Ավետարանը և ասում.
15 «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարե՛ք և հավատացե՛ք Ավետարանին»։
16 Երբ նա անցնում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ Սիմոնին և նրա եղբորը՝ Անդրեասին, որոնք ուռկանները ջուրն էին գցում, որովհետև ձկնորս էին։
17 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։
18 Իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։
19 Այդտեղից մի փոքր առաջ գնալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին նավակի մեջ, երբ ուռկաններն էին կարգի բերում,
20 և կանչեց նրանց։ Նրանք էլ, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ թողնելով նավակի մեջ, իսկույն գնացին նրա հետևից։
21 Մտան Կափառնաում, և հենց շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ Հիսուսն ուսուցանում էր նրանց։
22 Եվ զարմանում էին նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։
23 Նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց
24 և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։
25 Հիսուսը սաստեց նրան և ասաց. «Լռի՛ր և դո՛ւրս ել նրանից»։
26 Պիղծ ոգին գետնին զարկեց դիվահարին, բարձրաձայն աղաղակեց և դուրս ելավ նրանից։
27 Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։
28 Եվ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։
29 Ժողովարանից դուրս ելնելով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ անմիջապես եկավ Սիմոնի և Անդրեասի տունը։
30 Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր։ Հիսուսին իսկույն ասացին նրա մասին։
31 Նա մոտեցավ, բռնեց նրա ձեռքը և ոտքի կանգնեցրեց։ Տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։
32 Երբ երեկո եղավ, արևամուտին նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին ու դիվահարներին։
33 Ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առաջ։
34 Եվ նա բազմաթիվ հիվանդների բժշկեց տեսակ-տեսակ հիվանդություններից, բազում դևեր հանեց և դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
35 Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։
36 Նրա հետևից նրան փնտրելու գնաց Սիմոնը, նաև նրանք, որ նրա հետ էին։
37 Երբ նրան գտան, ասացին. «Ամենքը քեզ են փնտրում»։
38 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք գնանք մոտակա այլ գյուղաքաղաքներ ևս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։
39 Եվ քարոզում էր ողջ Գալիլեայում՝ նրանց ժողովարաններում, և դևեր էր հանում։
40 Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։
41 Հիսուսը գթալով ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։
42 Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց։
43 Հիսուսն անմիջապես նրան դուրս հանեց և խստիվ պատվիրեց
44 ու ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն մաքրվելուդ համար զո՛հ մատուցիր այն, ինչ հրամայել էր Մովսեսը»։
45 Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։