Luke 19
1 Հիսուսը մտել էր Երիքով ու շրջում էր։
2 Եվ ահա Զակքեոս անունով մի մարդ, որ մաքսապետ էր ու մեծահարուստ,
3 ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։
4 Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։
5 Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց և ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է քո տանը գիշերեմ»։
6 Զակքեոսը շտապեց և իջավ ու նրան ընդունեց ուրախությամբ։
7 Երբ ամենքը տեսան այս, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։
8 Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։
9 Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է,
10 որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։
11 Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուսը մի առակ էլ ավելացրեց, քանի որ մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։
12 Նա ասաց. «Մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ՝ թագավոր օծվելու և վերադառնալու։
13 Կանչեց իր տասը ծառաներին, յուրաքանչյուրին մեկական մնաս տվեց և ասաց. “Շահարկե՛ք դրանք, մինչև որ գամ”։
14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։
15 Երբ նա վերադարձավ՝ թագավոր օծված, կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ էր շահել։
16 Եկավ առաջինը և ասաց. “Տե՛ր, քո մեկ մնասը տասը մնաս բերեց”։
17 Տերը նրան ասաց. “Ազնիվ և բարի՛ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր տասը քաղաքների վրա”։
18 Եկավ երկրորդը և ասաց. “Քո մեկ մնասը հինգ մնաս բերեց”։
19 Տերը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրա”։
20 Մյուսն էլ եկավ և ասաց. “Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած պահում էի.
21 վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել”։
22 Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։
23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվեցիր, որ գալով՝ ես տոկոսներով պահանջեի”։
24 Եվ սպասավորներին ասաց. “Վերցրե՛ք դրանից մեկ մնասը և տարե՛ք տվեք նրան, ով տասը մնաս ունի”։
25 Եվ ծառաներն ասացին նրան. “Տե՛ր, արդեն նա տասը մնաս ունի՛”։
26 Ասում եմ ձեզ՝ “Ով ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի։
27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։
28 Եվ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղեմ ելնելու համար։
29 Երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին
30 և ասաց. «Գնացե՛ք մեր առջևում գտնվող այն գյուղը. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։
31 Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես կասեք. “Իր տիրոջն է պետք”»։
32 Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր իրենց. ավանակն այնտեղ էր։
33 Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերն ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։
34 Աշակերտներն ասացին. «Իր տիրոջն է պետք»։
35 Եվ այն բերեցին Հիսուսի մոտ. հանդերձներ գցեցին և Հիսուսին նստեցրին ավանակի վրա։
36 Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց հանդերձները փռում էին ճանապարհի վրա։
37 Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։
38 Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է թագավորը, որ գալիս է Տիրոջ կողմից. խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին»։
39 Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։
40 Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն»։
41 Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց.
42 «Գոնե այս օրերին դու գիտենայի՜ր քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից.
43 Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից
44 ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։
45 Տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղավնեվաճառներին ու գնողներին և լումայափոխների սեղանները ցրեց
46 ու ասաց նրանց. «Գրված է՝ “Իմ տունը պետք է աղոթքի տուն լինի”, իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ»։
47 Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, դպիրները և ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու,
48 բայց չէին գտնում, թե ի՛նչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր նրան։