Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Luke 18

:
Armenian - NEA
1 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե ինչպես ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան աղոթքից.
2 «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։
3 Նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. “Իմ ոսոխի դեմ իմ դա՛տն արա”։
4 Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում,
5 բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի”»։
6 Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե ի՛նչ էր ասում անիրավ դատավորը։
7 Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։
8 Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։
9 Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։
10 «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։
11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։
12 Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։
13 Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։
14 Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
15 Մանուկներին էլ մոտեցնում էին նրան, որպեսզի նրանց դիպչի։ Երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։
16 Իսկ Հիսուսը, մանուկներին իր մոտ կանչելով, ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալու, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։
17 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի»։
18 Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
19 Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված։
20 Պատվիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը »։
21 Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։
22 Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։
23 Երբ նա լսեց այս, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։
24 Երբ Հիսուսը նրան տրտմած տեսավ, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայությունը կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։
25 Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի»։
26 Եվ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։
27 Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։
28 Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք և եկանք քո հետևից»։
29 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար,
30 և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի գալիք աշխարհում»։
31 Տասներկուսին մի կողմ տանելով՝ առանձին ասաց նրանց. «Ահավասիկ ելնում ենք դեպի Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն.
32 որովհետև նա պիտի մատնվի հեթանոսներին և պիտի ծաղրվի.
33 նրան պիտի ձաղկեն ու սպանեն, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։
34 Առաքյալներն այս բոլորից ոչինչ չհասկացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, և ասվածները չէին ըմբռնում։
35 Երբ նա մոտենում էր Երիքովին, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։
36 Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թե՝ այդ ի՞նչ է։
37 Եվ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։
38 Նա աղաղակեց և ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։
39 Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։
40 Հիսուսը տեղում կանգնեց և հրամայեց իր մոտ բերել նրան։ Երբ կույրը մոտեցավ, նրան հարցրեց և ասաց.
41 «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Որ բացվեն աչքերս, և տեսնեմ, Տե՛ր»։
42 Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։
43 Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։