Leviticus 23
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջը նվիրված այն տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, դրանք են իմ տոները.
3 Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։
4 Տիրոջը նվիրված տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, և որոնք պիտի նշեք իրենց ժամանակին, սրանք են.
5 Առաջին ամսի տասնչորսերորդ օրվա երեկոյան Տիրոջ զատիկն է։
6 Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նվիրված Բաղարջակերաց տոնն է. յոթ օր բաղարջ հաց պիտի ուտեք։
7 Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Առտնին ոչ մի գործ չպիտի անեք։
8 Յոթ օր ողջակեզներ պիտի մատուցեք Տիրոջը, իսկ յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Առտնին ոչ մի գործ չպիտի անեք”»։
9 Տերն ասաց Մովսեսին.
10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
11 Նա խուրձը պետք է բերի Տիրոջ առջև՝ որպես ընդունելի ընծա ձեզանից. քահանան այն պետք է բարձրացնելով ընծայաբերի առաջին օրվա հաջորդ օրը։
12 Խուրձը ընծայաբերելու օրը նաև արատ չունեցող մեկ տարեկան ոչխար պետք է ողջակեզ անել Տիրոջ համար։
13 Նաև յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ պիտի մատուցեք որպես ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես նաև իբրև նվեր՝ մեկ քառորդ դորակ գինի։
14 Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։
15 Հաշվե՛ք խուրձի նվեր մատուցելու շաբաթ օրվա հաջորդ օրվանից յոթ ամբողջ շաբաթ,
16 մինչև վերջին շաբաթվա հաջորդ օրն անում է հիսուն օր։ Այդ օրն էլ Տիրոջը նոր զո՛հ մատուցեք։
17 Ձեր տներից ընծայաբերեք ձեր հացի նվերը՝ առաջին բերքից թթխմորով եփված երկու հաց, յուրաքանչյուր հացը՝ երկու տասներորդական հունցված նաշիհից։
18 Հացերի հետ պիտի մատուցեք արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ, նախրից՝ մեկ զվարակ և արատ չունեցող երկու խոյ։ Դրանք ողջակեզ պիտի լինեն Տիրոջը։ Անարյուն զոհերն ու գինին անուշահոտություն են Տիրոջ համար։
19 Առաջին բերքի հացի հետ մատուցե՛ք մեկ նոխազ այծերից՝ իբրև մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ փրկության համար։
20 Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։
21 Այդ օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը ձեզ համար սուրբ թող լինի. առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք։
22 Եվ երբ հնձեք ձեր արտերի հունձը, կրկին չվերադառնաք չհնձվածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հավաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդուխտին թողեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23 Տերն ասաց Մովսեսին.
24 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան օր թող լինի՝ Տիրոջը նվիրաբերված մի սուրբ տոն՝ շեփորահարություններով և սուրբ հավաքներով։
25 Այդ օրն առտնին ոչ մի գործ չպիտի անեք, այլ Տիրոջը ողջակեզ պիտի մատուցեք”»։
26 Տերն ասաց Մովսեսին.
27 «Այս յոթերորդ ամսի տասներորդ օրը Քավության օր է, սուրբ հավա՛ք արեք։ Իններորդ օրվա երեկոյից սկսած ձեր անձը խոնարհեցրե՛ք և Տիրոջը ողջակեզնե՛ր մատուցեք։
28 Այդ օրն առտնին ոչ մի գործ չանեք, քանզի դա Քավության օր է ձեզ համար, որպեսզի դուք ձեր մեղքերը քավեք Տիրոջ՝ ձեր Աստծու առաջ։
29 Ով այդ օրն իրեն չխոնարհեցնի, կվերանա իր ժողովրդի միջից։
30 Ով այդ օրը գործ անի, կվերանա իր ժողովրդի միջից։
31 Առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելիս լինեք։
32 Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ օրվա երեկոն խոնարհեցրե՛ք ձեզ. պահե՛ք ձեր շաբաթները»։
33 Տերն ասաց Մովսեսին.
34 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիվ Տիրոջը յոթ օր պիտի նշեք Տաղավարահարաց տոնը։
35 Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։
36 Յոթ օր ողջակեզնե՛ր մատուցեք Տիրոջը և յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Ողջակե՛զ մատուցեք Տիրոջը, որովհետև դա տոնի վերջին օրն է։ Այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։
37 Սրանք են Տիրոջ համար կատարվող տոները, որ դուք պիտի նշեք և սուրբ հավաք անեք, որպեսզի Տիրոջն ընծա մատուցեք ձեր ողջակեզները, զոհերն ու նվերները՝ ըստ օրերի,
38 բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերվում են Տիրոջը շաբաթ օրերին, բացի ձեր ուխտի ընծաներից և ձեր մյուս կամավոր զոհաբերություններից, որոնք մատուցվում են Տիրոջը։
39 Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ բերքահավաքն ավարտեք, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին և ութերորդ օրերը պիտի հանգստանաք։
40 Առաջին օրը ծառերի ընտիր պտուղներ, արմավենու ճյուղեր կվերցնեք, տերևախիտ ծառերի և ուռենիների ճյուղեր, ձորի բարդիների ճյուղեր, որպեսզի Տիրոջ առաջ յոթ օր ուրախանաք։
41 Տարվա յոթ օր որպես Տիրոջ տոն տոնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Յոթերորդ ամսին կկատարեք այդ տոնը։
42 Յոթ օր վրանների մեջ կապրեք։ Իսրայելի բոլոր տեղաբնակները վրանների մեջ թող ապրեն,
43 որպեսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ երբ ես Իսրայելի որդիներին հանեցի եգիպտացիների երկրից, վրանների մեջ բնակեցրի նրանց։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
44 Այսպիսով Մովսեսն Իսրայելի որդիներին հայտնեց Տիրոջ տոները։