Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 22

:
Armenian - NEA
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշությամբ վարվեն Իսրայելի որդիների՝ ինձ մատուցած ընծաների հետ, որպեսզի իրենց մատուցած զոհերով չարատավորեն իմ սուրբ անունը. ես եմ Տերը։
3 Ասա՛ նրանց. “Ձեր սերունդների մեջ ձեր զավակներից որևէ մեկը, եթե անմաքուր վիճակում մոտենա Վկայության խորանին, որպեսզի զոհ մատուցի այն, ինչ Իսրայելի որդիներն են մատուցում Տիրոջը, ապա կհեռացվի իմ առջևից. ես եմ Տերը։
4 Եթե Ահարոն քահանայի որդիներից մեկը բորոտ է կամ սերմնահոսություն ունի, իրավունք չունի սուրբ զոհաբերություններից ուտելու, մինչև չմաքրվի։ Նա, ով դիպչի անմաքուր մեկի, կամ եթե ինքն է անմաքուր՝ առնական սերմի կորուստ ունենալով,
5 նա, ով դիպչի մի պիղծ սողունի, որը կպղծի իրեն, կամ մի մարդու, որը կարող է պղծել ամեն տեսակ պղծություններով,
6 նա, ով դիպչի դրանց, թող անմաքուր համարվի մինչև երեկո և մատուցված սուրբ զոհաբերություններից չպետք է ուտի, մինչև որ իր մարմինը չլվա ջրով։
7 Արևը մայր մտնելուց հետո նա մաքուր թող համարվի և դրանից հետո միայն թող ուտի մատուցված սուրբ զոհաբերություններից, որովհետև այն իր կերակուրն է։
8 Սատկած կամ գազանից հոշոտված կենդանու միս չպետք է ուտի, որպեսզի դրանցով չպղծվի։ Ես եմ Տերը։
9 Նրանք պետք է կատարեն իմ պատվիրանները, որպեսզի մեղք գործած չլինեն և մահապատժի չենթարկվեն իրենց պղծելու հետևանքով։ Ես եմ նրանց սրբագործող Տերը։
10 Որևէ մեկը, եթե քահանայական սերնդից չէ, սրբագործված ուտելիքից չպետք է ուտի։ Ո՛չ քահանայի մոտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանն այդ սրբագործված ուտելիքից չպետք է ուտեն։
11 Իսկ եթե քահանան արծաթով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ հացից։ Նրա ծառաներից ծնվածները ևս կարող են ուտել այդ հացից։
12 Եթե քահանայի դուստրը ամուսնանա քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սուրբ երախայրիքներից։
13 Իսկ եթե քահանայի դուստրն այրիանա կամ ամուսնալուծվի և առանց զավակ ունենալու վերադառնա հայրական տունը, ապա, ինչպես իր մանկության օրերին, կարող է ուտել իր հոր հացից։ Քահանայական ընտանիքին չպատկանող որևէ մեկը թող դրանից չուտի։
14 Եթե որևէ մեկն անգիտակցաբար ուտի սրբություններից, թող իր կերածի արժեքի վրա ավելացնի դրա մեկ հինգերորդը և վերադարձնի քահանային։
15 Թող նրանք չպղծեն այն սուրբ ընծաները, որ Իսրայելի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար։
16 Նրանք, սուրբ ընծաներն ուտելով, իրենց վրա վերցնում են մեղքեր ու հանցանքներ, քանզի ես եմ նրանց սրբագործող Տերը”»։
17 Տերն ասաց Մովսեսին.
18 «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու ողջ Իսրայելի ժողովրդի հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից մեկը կամ Իսրայելի որդիների մեջ բնակություն հաստատած եկվորներից մեկը ըստ իր ուխտի և կամ կամավոր՝ զոհ ցանկանա մատուցել Տիրոջը որպես ողջակեզ,
19 ընդունե՛ք միայն արուն և արատ չունեցողը՝ արջառ, ոչխար կամ այծ։
20 Արատավոր անասուն չմատուցեք Տիրոջը, որովհետև այն ընդունելի չի լինի։
21 Եթե որևէ մեկը Տիրոջը փրկության զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկության, լինի դա արված ուխտ թե կամավոր զոհաբերություն և կամ տոնի առիթով, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերված կենդանին ընդունելի կլինի, եթե այն արատավոր չէ։ Այն ոչ մի արատ չպետք է ունենա։
22 Կույր, կաղ, ջարդվածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ որքինոտ անասուն թող չմատուցեն Տիրոջը, դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակեզ չբերեք։
23 Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես մորթել քեզ համար իբրև ուտելիք, բայց ոչ իբրև ուխտի զոհ։
24 Ամորձիները հարվածված, ճզմված, կռտած կամ կտրված կենդանին Տիրոջը չմատուցեք և ձեր երկրում նման զոհեր չմատուցեք։
25 Այլազգի մարդուց ոչ մի նմանօրինակ կենդանի չառնեք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետև դրանք խեղված ու արատավոր են։ Նման կենդանիներ չընդունեք”»։
26 Տերն ասաց Մովսեսին.
27 «Նորածին հորթը, գառը կամ ուլը յոթ օր պետք է մնա մոր մոտ։ Ութերորդ օրից սկսած և դրանից հետո այն կարող է ընդունելի նվեր լինել Տիրոջը զոհաբերելու համար։
28 Կովն իր հորթի հետ, ոչխարն իր գառնուկի հետ միևնույն օրը մի՛ մորթեք։
29 Եթե Տիրոջը գոհության զոհ ես մատուցում, ապա այն այնպե՛ս մատուցիր, որ քո զոհածն ընդունելի լինի։
30 Զոհի միսը պետք է ուտվի նույն օրը. այդ մսից հաջորդ օրվան չթողնեք։ Ես եմ Տերը։
31 Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք, քանզի ես եմ Տերը։
32 Իմ սուրբ անունը մի՛ արատավորեք, քանզի ես եմ Տերը։ Ես սուրբ պիտի ճանաչվեմ Իսրայելի որդիների կողմից։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,
33 որ ձեզ հանեցի եգիպտացիների երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ։ Ես եմ Տերը»։