Leviticus 24
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Իսրայելի որդիներին պատվիրի՛ր, որ լույս վառելու համար ձիթապտղի ճզմած յուղ բերեն քեզ, որպեսզի միշտ վառ մնա այն ճրագը,
3 որ կա Վկայության խորանի մեջ՝ վարագույրի դրսի կողմում։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ այն տևապես թող վառ պահեն Տիրոջ առջև։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար։
4 Տիրոջ առջև՝ սուրբ աշտանակի վրա, մինչև առավոտ վա՛ռ պահեք ճրագները։
5 Կվերցնեք նաշիհ և դրանից տասներկու հաց կպատրաստեք, յուրաքանչյուրը երկու տասներորդական քաշով։
6 Տիրոջ առաջ՝ սուրբ սեղանի վրա, դրանք կդնեք երկու դիզված կույտով, ամեն կույտում՝ վեց հաց։
7 Յուրաքանչյուր դիզված կույտի վրա կդնես մաքուր կնդրուկ և աղ, որպեսզի Տիրոջ առջև հիշատակի նվեր լինեն։
8 Յուրաքանչյուր շաբաթ այդ տասներկու հացերը մշտապես պիտի դրվեն Տիրոջ առջև Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։
9 Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Դրանք թող ուտեն սուրբ վայրում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերվող նվերների մեջ ամենասուրբն է։ Դա հավիտենական օրենք է»։
10 Իսրայելացի մի կնոջ որդի, որի հայրը եգիպտացի էր և բնակվում էր Իսրայելի որդիների մեջ, մի օր բանակատեղիում կռիվ արեց մի իսրայելացու հետ։
11 Իսրայելացի կնոջ որդին տվեց Տիրոջ անունը և հայհոյեց։ Նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։
12 Նրան բանտարկեցին՝ Աստծու հրամանի համաձայն դատելու համար։
13 Տերն ասաց Մովսեսին.
14 «Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։
15 Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ով որ հայհոյի Աստծուն, մեղքի մեջ կընկնի։
16 Տիրոջ անունը տվողը թող մահապատժի ենթարկվի։ Ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Տիրոջ անունը տվողը, պանդուխտ լինի նա թե բնիկ, մահապատժի թող ենթարկվի։
17 Եթե որևէ մեկը հարվածի ու մարդ սպանի, մահապատժի թող ենթարկվի։
18 Ով անասունի հարվածի և սա սատկի, տիրոջը նույնպիսի անասունով թող հատուցի։
19 Եթե որևէ մեկը խեղանդամ դարձնի իր նմանին, ինչ որ արել է, նույնն էլ թող անեն իրեն։
20 Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղվածք որ պատճառել է մեկին, նույնով թող հատուցվի։
21 Եթե մարդ է ծեծել, և սա մահացել է, ծեծողը ևս թող մահանա։
22 Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բանակատեղիից դուրս հանեցին հայհոյողին, ու ողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։