Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 19

:
Armenian - NEA
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։
3 Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
4 Մի՛ պաշտեք կուռքերին և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ կերտեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5 Եթե Տիրոջը փրկության զոհ մատուցեք, այնպե՛ս արեք, որ ընդունելի լինի։
6 Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։
7 Իսկ եթե մեկն ուտի երրորդ օրը, այն զոհ չի լինի և ընդունելի չի համարվի։
8 Ով ուտի այն, մեղք գործած կլինի, որովհետև Տիրոջ սրբությունն է պղծած լինում։ Նրանք, ովքեր կուտեն, կվերանան իրենց ժողովրդի միջից։
9 Ձեր դաշտերի հունձը հնձելիս մինչև վերջ մի՛ հնձեք և հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հավաքեք։
10 Ձեր այգին ճռաքաղ մի՛ արեք, և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
11 Մի՛ գողացեք, մի՛ ստեք, ոչ մեկը մյուսին թող չզրպարտի։
12 Իմ անունով սուտ երդում մի՛ տվեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
13 Մի՛ զրկիր քո մերձավորին և մի՛ հափշտակիր։ Վարձկանի վարձը մինչև առավոտ մոտդ մի՛ պահիր։
14 Համրին մի՛ վիրավորիր, կույրի ճանապարհին խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. ես եմ Տերը՝ քո Աստվածը։
15 Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
16 Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
17 Քո սրտում ատելություն չպահես եղբորդ նկատմամբ։ Հանդիմանի՛ր նրան սխալների համար, որպեսզի նրա պատճառով մեղքերի մեջ չընկնես։
18 Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։
19 Իմ օրենքները պահե՛ք։ Չթողնես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակվի։ Նույն հողամասի վրա երկու տեսակի սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր կտորներից խարդախորեն կարված հագուստները մի՛ հագիր։
20 Եթե մեկը կենակցի մեկ ուրիշի համար նախատեսված աղախնի հետ, որը փրկագնով չի փրկագնված և նրան ազատություն չի շնորհված, երկուսն էլ պետք է հանդիմանվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, քանի որ կինն անազատ է։
21 Իր գործած հանցանքը քավելու համար Վկայության խորանի դռան առաջ մեղքերի քավության խոյ պիտի մատուցի Տիրոջը։
22 Քահանան հանցանքների քավության խոյը թող զոհաբերի Տիրոջ առջև՝ նրա մեղքերի քավության համար, և նրա մեղքերին թողություն կտրվի։
23 Երբ մտնեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ, ամեն տեսակի պտղատու ծառե՛ր տնկեցեք և մաքրե՛ք նրա անմաքրությունը։ Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար. այն չուտեք։
24 Չորրորդ տարվա բոլոր պտուղները պիտի սուրբ համարվեն և նվիրվեն Տիրոջը՝ ի փառաբանություն։
25 Հինգերորդ տարին կարող եք ուտել դրա պտուղը։ Այդ տարուց սկսած այդ բերքը կլինի ձեզ եկամուտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
26 Լեռների վրա մի՛ կերեք։ Մի՛ զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։
27 Ձեր գլխի մազերը վերև մի՛ հավաքեք և ձեր մորուքի տեսքը մի՛ փչացրեք։
28 Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ և դաջվածքներ մի՛ արեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
29 Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկության տալով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի ու անօրենությամբ չլցվի։
30 Իմ շաբաթ օրերը պահե՛ք և իմ սրբարանին երկյուղածությամբ կմոտենաք. ես եմ Տերը։
31 Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
32 Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։
33 Եթե ձեր երկրում օտարական հաստատվի, նրան չնեղեք։
34 Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
35 Անիրավություն մի՛ արեք դատ-դատաստանի ժամանակ, չափելու, կշռաքարերի ու կշռելու մեջ։
36 Կշեռքները ճիշտ պետք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեց եգիպտացիների երկրից։
37 Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։