Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 20

:
Armenian - NEA
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին, նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։
3 Ես նրա դեմ կդարձնեմ իմ երեսը և նրան կվերացնեմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զավակներից տվեց իշխանին՝ պղծելով իմ սրբարանը և անարգելով ինձ նվիրվածների անունը։
4 Եթե տեղաբնակներն անտեսեն իր զավակներից մեկին իշխանին հանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան,
5 ես հայացքս նրա ու նրա հարազատների դեմ կդարձնեմ և իր ժողովրդի միջից կվերացնեմ նրան ու նրանց, ովքեր համախոհ եղան նրան՝ իշխանին ծառայելու։
6 Ես դեմ կելնեմ այն անձին, որ ծառայի վհուկներին ու ոգեհարցներին, ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից։
7 Սրբե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։
8 Պահե՛ք ու կատարե՛ք իմ հրամանները։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ սուրբ դարձնողը։
9 Եթե որևէ մեկը վատաբանի իր հորը կամ իր մորը, նա մահապատժի թող ենթարկվի։ Եթե նա վատաբանում է իր հորը կամ իր մորը, հանցավոր է։
10 Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։
11 Նա, որ պառկի իր հոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հոր ամոթույքը։ Երկուսն էլ թող մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։
12 Եթե որևէ մեկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։
13 Եթե որևէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև հանցավոր են։
14 Եթե որևէ տղամարդ կին առնի մի աղջկա ու նրա մորը, անօրենություն է։ Նրանք երեքն էլ թող այրվեն կրակով, որպեսզի ձեր մեջ նման անօրենություններ չլինեն։
15 Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկվի, իսկ կենդանուն պետք է սատկեցնել։
16 Խառնակվելու նպատակով որևէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանե՛ք, թող մեռնեն, քանի որ հանցավոր են։
17 Եթե մեկն ամուսնանա նույն հորից կամ նույն մորից ծնված իր քրոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, իսկ քույրն էլ տեսնի նրա ամոթույքը, ապա դա նախատինք է. նրանք պետք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետև նա իր քրոջ ամոթույքն է բացել։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։
18 Այն տղամարդը, որ պառկի դաշտանի մեջ գտնվող կնոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, տեսած է լինում նրա արյան աղբյուրը, իսկ կինը ցույց տված է լինում իր արյան աղբյուրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։
19 Քո հորաքրոջ և մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև տեսած ես լինում մերձավորներիդ ամոթույքները, նրանք իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։
20 Եթե որևէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, նա անպատվում է իր քեռուն։ Իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։
21 Եթե որևէ տղամարդ պառկի իր եղբոր կնոջ հետ, դա պղծություն է. նա անպատվում է իր եղբորը. անժառանգ թող մեռնեն։
22 Պահե՛ք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատվիրանները և կատարե՛ք դրանք, որպեսզի ձեզանից չխորշի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ այնտեղ բնակվելու համար։
23 Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։
24 Ես ձեզ ասացի. “Դուք կժառանգեք այդ երկիրը, և ես ձեզ այն կտամ իբրև սեփականություն, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։
25 Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։
26 Սո՛ւրբ եղեք, որովհետև ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպեսզի իմը լինեք։
27 Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։