Leviticus 18
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
3 Մի՛ առաջնորդվեք եգիպտացիների սովորություններով, որոնց երկրում պանդուխտ էիք, և ոչ էլ վարք ու բարքով քանանացիների երկրի, ուր ես տանելու եմ ձեզ, և նրանց օրենքներով մի՛ շարժվեք։
4 Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ պատվիրաններն ու կառաջնորդվեք դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5 Պահեք իմ բոլոր պատվիրաններն ու իմ բոլոր պատգամները կատարեք։ Այդ ամենը կատարող մարդը կփրկվի դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
6 Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակով։ Ես եմ Տերը։
7 Քո հոր և քո մոր ամոթույքը մի՛ բացիր, որովհետև նա քո մայրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։
8 Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։
9 Քո հորից կամ մորից ծնված, քո տան մեջ կամ դրսում ծնված քրոջդ ամոթույքը չտեսնես։
10 Քո որդու աղջկա ամոթույքը կամ քո դստեր աղջկա ամոթույքը չտեսնես, որովհետև դա նաև քո ամոթույքն է։
11 Քո հոր կնոջ դստեր ամոթույքը չտեսնես, որովհետև նա նույն հորից ծնված քո քույրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։
12 Քո հորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո հոր արյունակիցն է։
13 Քո մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո մոր արյունակիցն է։
14 Մի՛ անպատվիր քո հորեղբորը՝ նրա կնոջը մերձենալով, որովհետև նա քո ազգականն է։
15 Քո հարսի ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո որդու կինն է. նրա ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։
16 Մի՛ անպատվիր քո եղբորը՝ նրա կնոջ ամոթույքը տեսնելով։
17 Նրա կնոջ և դստեր ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։
18 Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև մեկի ներկայությամբ մյուսի ամոթույքը տեսնելով՝ խանդ կառաջացնես։
19 Դաշտանի պղծության մեջ գտնվող կնոջը չմերձենաս՝ նրա ամոթույքը տեսնելու։
20 Քո մերձավորի կնոջը քո սերմը չտաս, որպեսզի նրա հետ չպղծվես։
21 Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի ] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։
22 Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է։
23 Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։
24 Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ։
25 Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։
26 Պահե՛ք իմ օրենքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը չպետք է կատարի այդ բոլոր պղծությունները,
27 որովհետև այդ բոլոր պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այդ երկրում ապրած մարդիկ, և երկիրը պղծվեց։
28 Որպեսզի ձեզանից էլ չնողկա երկիրը, երբ պղծեք այն, ինչպես որ նողկաց ձեզնից առաջ այստեղ ապրած ազգերից։
29 Ով նման պիղծ արարքներ կատարի, նա կվերանա իր ժողովրդի միջից։
30 Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։