Leviticus 17
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Այս է այն բանը, որ Տերը պատվիրեց ձեզ ու ասաց.
3 “Իսրայելի որդիներից որևէ մեկը, եթե բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս արջառ, ոչխար կամ այծ զոհի
4 և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։
5 Հետևաբար, Իսրայելի որդիներն իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարեն թող մատուցեն Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դռանը, քահանայի մոտ, և դրանք զոհեն Տիրոջը՝ փրկության համար”։
6 Քահանան արյունը շուրջանակի թող թափի զոհասեղանի վրա՝ Տիրոջ դիմաց, Վկայության խորանի դռանը, և ճարպը թող այրի իբրև անուշահոտություն Տիրոջը։
7 Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։
8 Եվ նրանց ասա՛. “Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից որևէ մեկը եթե ողջակեզ կամ զոհ մատուցի
9 և այն Տիրոջը զոհելու համար Վկայության խորանի դուռը չբերի, այդ մարդը թող սպանվի իր ժողովրդի կողմից։
10 Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,
11 որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Այդ արյունը ես եմ տվել ձեզ՝ զոհասեղանին ձեր անձերը սրբելու համար, որպեսզի նրա արյունով քավվեն ձեր անձերը։
12 Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզնից ոչ ոք արյուն թող չուտի։ Արյուն թող չուտի նաև դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մարդը”։
13 Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մեկը, եթե որևէ վայրի կենդանի կամ ուտելի թռչուն որսա, պետք է թափի դրա արյունն ու այն ծածկի հողով,
14 որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ես Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն չուտեք”, որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ով որ ուտի դա, կմեռնի։
15 Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։
16 Իսկ եթե նա իր զգեստները չլվանա և իր մարմինը չլվա ջրով, ապա անօրենությունը կծանրանա իր անձի վրա”»։