Leviticus 14
1 Տերն ասաց Մովսեսին.
2 «Այս թող լինի բորոտի կարգն այն օրը, երբ նա մաքուր համարվի։ Նրան թող բերեն քահանայի մոտ։
3 Քահանան թող դուրս գա բանակատեղիից, զննի նրան, և եթե բորոտի վրայի բորոտության վերքը բժշկվել է,
4 քահանան թող հրաման տա, որ մաքրվողի համար բերեն կենդանի, մաքուր երկու թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։
5 Քահանայի հրամանով թռչուններից մեկը թող մորթեն աղբյուրի ջրով լցված խեցե անոթի մեջ։
6 Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղևնու փայտը, կարմիր մանվածքն ու ծոթրինը և դրանք, ինչպես նաև կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ջրի վրա մորթված թռչունի արյան մեջ։
7 Նա բորոտությունից մաքրվողի վրա դրանից յոթ անգամ թող շաղ տա և մաքուր համարի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դեպի դաշտ։
8 Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։
9 Յոթերորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը՝ և՛ գլուխը, և՛ մորուքը, և՛ հոնքերը. պետք է ածիլի իր բոլոր մազերը։ Թող լվանա իր հագուստները, ջրով լողացնի իր մարմինը և մաքուր համարվի։
10 Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։
11 Մաքրող քահանան մաքրվող մարդուն և զոհաբերության ընծաները թող բերի Վկայության խորանի առաջ։
12 Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։
13 Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։
14 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին։
15 Քահանան, վերցնելով գավաթի միջի ձիթայուղից, այն թող լցնի իր ձախ ափի մեջ։
16 Քահանան իր աջ ձեռքի մատը թող թաթախի ձախ ափի ձիթայուղի մեջ և այդ մատով յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առջև։
17 Ափի մեջ մնացած ձիթայուղը քահանան թող քսի մաքրվածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։
18 Քահանան իր ափի մեջ մնացած ձիթայուղը թող քսի մաքրվողի գլխին։ Քահանան թող նրան քավություն տա Տիրոջ առաջ։
19 Ապա քահանան թող ընծայի մեղքի զոհը և քավություն տա մաքրվողին իր մեղքերից։ Դրանից հետո քահանան թող մորթի ողջակեզը
20 և ողջակեզն ու անարյուն զոհը թող դնի Տիրոջ առջև՝ զոհասեղանին։ Քահանան թող նրա համար քավություն անի և նրան մաքրի։
21 Եթե նա աղքատ է և չունի այդ կարողությունը, իր կատարած հանցանքի քավության համար թող բերի մեկ գառ՝ իբրև հանցանքի զոհ, յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ և մեկ գավաթ ձիթայուղ
22 և երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որը կարող է. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
23 Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մոտ, Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դուռը՝ մաքրվելու համար։
24 Քահանան, վերցնելով հանցանքի գառը և ձիթայուղի գավաթը, իբրև նվեր թող դնի Տիրոջ առջև։
25 Քահանան թող մորթի հանցանքի գառը, ապա վերցնելով հանցանքի զոհի արյունից՝ թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին։
26 Քահանան այդ յուղից թող լցնի իր ձախ ափի մեջ
27 և աջ ձեռքի մատով ձախ ափի մեջ եղած յուղից յոթ անգամ թող ցանի Տիրոջ առջև։
28 Քահանան իր ափում եղած յուղից թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։
29 Իր ափի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվողի գլխին և նրան քավություն տա Տիրոջ առջև։
30 Իր կարողության չափով բերած տատրակներից կամ աղավնիների ձագերից մեկը
31 թող զոհ մատուցի մեղքի համար, իսկ մյուսը անարյուն զոհի հետ ողջակեզ անի։ Քահանան Տիրոջ առջև թող քավություն անի մաքրվողի համար։
32 Այս է նվազ կարողության տեր բորոտի մաքրվելու կարգը»։
33 Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին.
34 «Երբ մտնեք քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրև սեփականություն եմ տալու, և ձեր ստացած երկրի տներում բորոտության ախտ ուղարկեմ,
35 այն ժամանակ տանտերը թող գա և քահանային պատմի ու ասի. “Ինչ-որ ախտ երևաց իմ տանը”։
36 Քահանան թող հրաման տա, որ տունը դատարկեն, մինչ քահանան կմտնի զննելու համար այդ տունը, որպեսզի տան մեջ գտնվող իրերն անմաքուր չհամարվեն։ Դրանից հետո թող քահանան մտնի տունն ստուգելու։
37 Քահանան թող քննի տան պատերին եղող ախտը՝ եթե խորն ընկած կանաչած կամ կարմրավուն փոսեր են, որոնց տեսքն ավելի խորն է, քան պատինը,
38 քահանան, տանից ելնելով, թող կարգադրի, որ տան դուռը յոթ օր փակի տակ պահվի։
39 Քահանան յոթերորդ օրը նորից թող գա և զննի տունը։ Եթե տեսնի, որ ախտը տարածված է տան պատերին,
40 հրաման թող տա, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրա ախտ կա։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
41 Թող տունը ներսից շուրջանակի քերեն և քերված ծեփը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
42 Այնուհետև թող առնեն հղկված այլ քարեր և տեղադրեն հանված քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։
43 Եթե քարերը տեղահանելուց, պատերը քերելուց և նորից ծեփելուց հետո տան մեջ վերստին երևա ախտը,
44 ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն տան մեջ մնայուն բորոտություն կա. այդ տունը անմաքուր է։
45 Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
46 Փակի տակ պահված բոլոր օրերին ով մտնի այդ տունը, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
47 Ով որ քնի այդ տան մեջ, պետք է լվանա իր հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Ով որ ուտի այդ տան մեջ, պետք է լվանա իր հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։
48 Եթե քահանան գա մտնի, զննի ու տեսնի, որ այդ տանը, ծեփվելուց հետո, ախտը չի տարածվել, թող այն մաքուր հայտարարի, քանի որ ախտը բուժված է։
49 Տունը մաքրագործելու համար քահանան թող վերցնի կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։
50 Թռչուններից մեկը թող մորթի աղբյուրի ջրով լեցուն խեցե անոթի մեջ։
51 Ապա քահանան թող վերցնի եղևնու փայտը, կարմիր մանվածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը և դրանք թող թաթախի աղբյուրի ջրի վրա մորթած թռչունի արյան մեջ և դրանցով թող յոթ անգամ շաղ տա այդ տանը։
52 Տունը թող մաքրի թռչունի արյամբ, աղբյուրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղևնու փայտով, ծոթրինով և կարմիր մանվածքով,
53 իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դեպի դաշտ։ Եվ այդ տան համար քավություն թող անի, և տունը թող մաքրվի ու մաքուր համարվի։
54 Այս թող լինի օրենքը բորոտության ու գոնջության բոլոր ախտերի պարագայում,
55 նաև հագուստի ու տան բորոտության,
56 սպիի, պալարի ու բշտիկի,
57 թե ո՛ր օրն է անմաքուր և ո՛ր օրը՝ մաքուր։ Այս է բորոտության վերաբերյալ օրենքը»։