Leviticus 15
1 Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե որևէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումն անմաքուր է։
3 Այս է նրա մաքրվելու մասին օրենքը, որի մարմնից սերմ է ծորում կամ թե սերմի ծորումից մարմինը հյուծվում է. իր մարմնից ծորում լինելու և ծորումից մարմինը հյուծվելու բոլոր օրերն անմաքրության շրջան թող համարվեն նրա համար։ Դա մարմնի անմաքրություն է։
4 Ամեն անկողին, որի մեջ սերմի ծորում ունեցողը քնի, անմաքուր թող համարվի. այն ամենը, որի վրա նստի, թող անմաքուր համարվի։
5 Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
6 Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրա, պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
7 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
8 Եթե սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, վերջինս պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
9 Էշի թամբը, որի վրա նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է մինչև երեկո։
10 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնվող որևէ իրի, անմաքուր է մինչև երեկո։
11 Եթե սերմի ծորում ունեցողն առանց ձեռքերը լվանալու դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
12 Խեցե որևէ անոթ, որին կդիպչի սերմի ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամանները պետք է լվացվեն ջրով, որպեսզի մաքուր համարվեն։
13 Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պետք է յոթ օր հատկացնի իր մաքրության համար. լվանա իր հագուստները, մարմինը լվա հոսող ջրով, որից հետո մաքուր համարվի։
14 Ութերորդ օրը պետք է առնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դուռը, և տա քահանային։
15 Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքի համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն անի նրա համար նրա ծորումի պատճառով։
16 Եթե որևէ տղամարդ սերմի արտահոսում ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է լվա ջրով։ Նա անմաքուր պետք է լինի մինչև երեկո։
17 Ամեն հագուստ և կաշի, որին կդիպչի տղամարդու արտահոսած սերմը, պետք է լվացվի ջրով։ Դա անմաքուր է մինչև երեկո։
18 Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պետք է լվացվեն ջրով։ Նրանք անմաքուր են մինչև երեկո։
19 Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։
20 Ինչի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ընթացքում և ինչի վրա որ նստի նա, անմաքուր պետք է համարվի։
21 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
22 Ով որ դիպչի մի առարկայի, որի վրա այդ կինը նստել է, պետք է լվանա իր հագուստները, լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
23 Եվ եթե նա անկողնում լինի կամ որևէ բանի վրա նստած, և մեկը մոտենա նրան, թող անմաքուր համարվի մինչև երեկո։
24 Եվ եթե որևէ մեկը քնի նրա հետ, և նրա պղծությունը դիպչի իրեն, յոթ օր թող անմաքուր համարվի։ Մինչև երեկո թող անմաքուր համարվի նաև այն անկողինը, որի վրա այդ մարդը կքնի։
25 Եթե մի կին բազում օրեր արյունահոսություն ունի, սակայն ոչ դաշտանի ժամանակ կամ դաշտանի օրերից հետո, այդ բոլոր օրերը թող անմաքուր համարվեն դաշտանի օրերի նման և թող անմաքուր համարվի։
26 Այն անկողինը, որի մեջ նա կպառկի իր արյունահոսության օրերին, դաշտանի օրերի նման անմաքուր թող համարվի։ Ամեն առարկա, որի վրա նա կնստի այս շրջանում, դաշտանի օրերի նման թող անմաքուր համարվի։
27 Ով որ դիպչի նրան, թող անմաքուր համարվի։ Նա պետք է լվանա իր հագուստները և իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
28 Երբ դադարի կնոջ արյունահոսությունը, նա պետք է մաքրվի յոթ օր, ապա մաքուր համարվի։
29 Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը։
30 Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքերի քավության համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն տա նրան իր անմաքուր ծորումի համար”։
31 Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։
32 Այս է կարգը սերմի ծորումի պատճառով և սերմի արտահոսման պատճառով անմաքուր դարձածի
33 և դաշտանի ժամանակ արյունահոսություն ունեցող կնոջ, ծորում ունեցողի, տղամարդ լինի թե կին, ինչպես նաև դաշտանի մեջ եղող կնոջ հետ պառկող տղամարդու վերաբերյալ»։