Leviticus 13
1 Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին.
2 «Եթե որևէ մեկի մարմնի մաշկի վրա սպի, պալար, բշտիկ և կամ բորոտության վերք երևա, թող գա Ահարոն քահանայի կամ նրա քահանա որդիներից մեկի մոտ։
3 Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վերքը։ Եթե վերքի մազերը սպիտակել են, և վերքն ավելի խորն է երևում, քան մարմնի մաշկը, ուրեմն դա բորոտության վերք է։ Քահանան պետք է զննի և նրան անմաքուր համարի։
4 Եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է, բայց մաշկից խորը չի երևում, ու մազն էլ չի սպիտակել, այլ մուգ է, ապա քահանան ախտակրին յոթ օր պետք է մեկուսացնի։
5 Քահանան յոթերորդ օրը պետք է զննի նրան, և եթե վերքը նույն վիճակում է մնացել, մաշկի վրա չի տարածվել, ապա քահանան նրան պետք է մեկուսացնի ևս յոթ օր։
6 Քահանան յոթերորդ օրը պետք է մի անգամ ևս զննի, և եթե վերքը մուգ լինի և մաշկի վրա այլ գույնի չի փոխվել, նրան պետք է մաքուր համարի, որովհետև դա անվնաս նշան է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր համարվի։
7 Իսկ եթե քահանայի զննելուց և մաքուր համարելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա, նա պետք է վերստին գա քահանայի մոտ։
8 Քահանան թող զննի, եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան պետք է անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։
9 Եթե մեկի վրա բորոտության վերք երևա, պետք է գա Ահարոն քահանայի մոտ։
10 Քահանան պետք է զննի։ Եթե մաշկի վրա սպիտակ պալար լինի, և մազը սպիտակել է, բայց պալարի մեջ մարմինն առողջ է,
11 դա հին բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան պետք է նրան անմաքուր համարի և մեկուսացնի նրան, որովհետև անմաքուր է։
12 Եթե բորոտությունը գնալով տարածվի նրա մաշկի վրա, և սպիտակությունը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, ինչքան որ, անշուշտ, քահանան կարող է զննել,
13 և քահանան տեսնի, որ սպիտակությունը տարածվել է մարմնի ամբողջ մաշկի վրա, ապա մաքուր թող համարի հիվանդին, որովհետև նրա մարմինն ամբողջությամբ սպիտակել է։ Եվ նա մաքուր է։
14 Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրա զգայուն վերք նկատվի, նա թող անմաքուր համարվի։
15 Քահանան, տեսնելով մաշկի վրայի զգայուն վերքը, թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։
16 Եթե մաշկի զգայուն վերքը դարձյալ անցնի և սպիտակի, հիվանդը պետք է գա քահանայի մոտ,
17 և քահանան պետք է զննի նրան։ Եթե նրա վերքը դարձյալ սպիտակել է, քահանան հիվանդին թող մաքուր հայտարարի, որովհետև նա մաքուր է։
18 Եթե մեկն իր մարմնի մաշկի վրա խոց ունենա, և դա լավանա,
19 բայց խոցի տեղը սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրավուն լինի, նա պետք է այն ցույց տա քահանային։
20 Քահանան պետք է զննի նրան։ Եթե այն ավելի խորն է, քան մաշկը, և այդ մասի մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, որովհետև խոցով արտահայտված բորոտություն է։
21 Եթե քահանան տեսնի, որ մազերը սպիտակ չեն, և խոցն էլ մարմնի մաշկից խորը չէ և մուգ է, ապա քահանան հիվանդին յոթ օր թող մեկուսացնի։
22 Եվ եթե այն տարածվի մաշկի վրա, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա բորոտության վերք է՝ խոցով բորբոքված։
23 Իսկ եթե փայլունը նույն տեղում մնա և չտարածվի, ապա դա խոցի սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։
24 Եթե մարմնի մաշկը կրակով այրված լինի, նրա մաշկն այրվածքից ապաքինվի, իսկ այրվածքի տեղում փայլուն սպիտակ, կարմրավուն կամ լուսնասպիտակ բշտիկ առաջանա,
25 քահանան թող քննի նրան. եթե փայլունացած տեղում մազը սպիտակ է դարձել, և այն ավելի խորն է, քան մաշկը, ուրեմն նրան անմաքուր թող համարի, որովհետև դա բորոտության վերք է։
26 Իսկ եթե քահանան տեսնի, որ փայլունացած տեղում սպիտակ մազ չկա, և այն մաշկից խորը չէ, իսկ գույնը մուգ է, ապա քահանան նրան յոթ օր թող մեկուսացնի։
27 Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան թող անմաքուր համարի, որովհետև դա խոցով արտահայտված բորոտության վերք է։
28 Եվ եթե փայլունացած մասը նույն տեղում մնա՝ չտարածվի մաշկի վրա, և գույնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրվածքի սպի է։ Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետև դա այրվածքի հետք է միայն։
29 Եթե տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրա բորոտության վերք լինի,
30 քահանան թող զննի այն, և եթե վերքն ավելի խորն է, քան մաշկը, և դրա վրայի մազը վերածվել է խարտյաշ աղվամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ այդ գոնջությունը գլխի բորոտություն է, կամ կզակի բորոտություն։
31 Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքն ավելի խորը չէ, քան մաշկը, և ոչ էլ մազն է խարտյաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի յոթ օր։
32 Քահանան յոթերորդ օրը թող զննի գոնջության վերքը և տեսնելով, որ այն չի տարածվել մաշկի վրա, մազը խարտյաշ չի դարձրել, ոչ էլ գոնջացած մասն է ավելի խորը, քան մաշկը,
33 թող մաշկը սափրի, սակայն գոնջացած մասը թող չսափրի։ Քահանան հիվանդին թող մեկուսացնի ևս յոթ օր։
34 Քահանան յոթերորդ օրը վերքը թող զննի և տեսնելով, որ սափրելուց հետո վերքը մաշկի վրա չի տարածվել, և գոնջացած մասն ավելի խորը չէ, քան մաշկը, նրան մաքուր թող համարի, և իր զգեստները լվանալով՝ մաքուր թող համարվի։
35 Բայց եթե սափրելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա,
36 և քահանան տեսնի, որ գոնջությունը տարածվել է մաշկի վրա, թող այլևս խարտյաշ մազերին չնայի, քանի որ հիվանդն անմաքուր է։
37 Իսկ եթե գոնջությունը նույն տեղում մնա, և թուխ մազ բուսած լինի, ուրեմն գոնջությունը բուժվել է։ Քահանան թող մաքուր համարի նրան։
38 Եթե տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրա լուսնասպիտակ պսպղուն փայլ լինի,
39 և քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրա լուսնասպիտակ փայլ կա, դա մարմնի մաշկի վրա տարածված թեփուկ է, ուրեմն նա մաքուր է։
40 Եթե որևէ մեկի գլխի մազերը թափվեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։
41 Եթե նրա գլխի առջևի մասի մազերը թափվեն, ուրեմն նա ճաղատ է և մաքուր է։
42 Եթե նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրա սպիտակ կամ կարմրավուն վերք լինի, ապա նրա հերաթափության կամ ճաղատության տակ բորոտություն է թաքնված։
43 Երբ քահանան զննի նրան և տեսնի, որ ճաղատացած մասի վերքի տեսքը սպիտակ է կամ կարմրավուն, նման մարմնի մաշկի վրայի բորոտության,
44 նա բորոտ է, անմաքուր է։ Քահանան անմաքուր պետք է համարի նրան, քանի որ վերքը նրա գլխի վրա է։
45 Եվ բորոտը, որի վրա վերք կա, պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի։
46 Քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պետք է համարվի։ Իբրև անմաքուր՝ նա պետք է մեկուսացած մնա և բանակատեղիից դուրս բնակվի»։
47 «Եթե հագուստի վրա բորոտության բիծ լինի, լինի այն բրդե կամ քաթանե հագուստ,
48 լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա,
49 եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։
50 Քահանան պետք է զննի բիծը և յոթ օր մեկուսացնի այն։
51 Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։
52 Քահանան պետք է այրի այդ հագուստները, դրանք լինեն գործվածք թե կարվածք, բրդից թե քաթանից կամ ամեն տեսակ կաշվե առարկաներ, որոնց վրա կա բիծը, քանի որ դա մնայուն բորոտություն է, կրակով պետք է այրվի։
53 Եթե քահանան տեսնի, որ բիծը չի տարածվել հագուստի վրա, դա լինի գործվածք թե կարվածք, բրդից կամ քաթանից կամ ամեն տեսակ կաշվե իր,
54 թող քահանան հրամայի, որ լվանան այն, որի վրա կա այդ բիծը։ Այնուհետև քահանան այն թող մեկուսացնի ևս յոթ օր։
55 Քահանան թող զննի բիծը լվանալուց հետո։ Եթե բծի տեսքը դեպի լավը չի փոխվել, թեև այն տարածված էլ չլինի, պիղծ է, թող կրակով այրվի, քանզի բույն է դրել հագուստի՝ գործվածքի կամ կարվածքի վրա։
56 Իսկ եթե քահանան տեսնի, որ բիծը լվացվելուց հետո թխագույն է դարձել, ապա այդ մասը թող կտրի-անջատի հագուստից, կաշվե առարկայից, գործվածքից և կարվածքից։
57 Եթե բիծը նորից երևա հագուստի, գործվածքի կամ կարվածքի, կամ ամեն տեսակ կաշվե առարկայի վրա, դա բորբոքված բորոտություն է. ախտով վարակվածը կրակով թող այրվի։
58 Հագուստ, գործվածք կամ կարվածք կամ ամեն տեսակ կաշվե առարկա, որի վրայից բիծը լվացվելուց հետո կանհայտանա, թող մի անգամ ևս լվացվի, ապա մաքուր համարվի։
59 Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։