John 15
1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։
2 Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։
3 Դուք արդեն իսկ սրբված եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ։
4 Մնացե՛ք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե ինձ վրա հաստատված չլինեք։
5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։
6 Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։
7 Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։
8 Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։
9 Ինչպես Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք։
10 Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
11 Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք։
12 Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։
13 Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։
14 Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։
15 Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։
16 Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։
17 Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»։
18 «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։
19 Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։
20 Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։
21 Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։
22 Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։
23 Ով ինձ է ատում, իմ Հորն էլ է ատում։
24 Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա։ Բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։
25 Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” ։
26 Երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին.
27 դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։