Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

John 16

:
Armenian - NEA
1 «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի գայթակղության մեջ չընկնեք։
2 Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
3 Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ։
4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի»։
5 «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում՝ “Ո՞ւր ես գնում”։
6 Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը։
7 Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։
8 Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։
9 Մեղքի հարցում, որովհետև ինձ չեն հավատում.
10 արդարության հարցում՝ որովհետև իմ Հոր մոտ եմ գնում, և այլևս ինձ չեք տեսնի.
11 դատաստանի հարցում՝ որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։
13 Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։
14 Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ վերցնի ինձանից, այն էլ կհայտնի ձեզ։
15 Ամենը, ինչ որ ունի Հայրը, իմն է. դրա համար ասացի, թե ինչ որ վերցնի ինձանից, կհայտնի ձեզ»։
16 «Մի քիչ էլ, և ինձ այլևս չեք տեսնի. ապա մի քիչ ևս, և ինձ նորից կտեսնեք. որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։
17 Աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Ի՞նչ է ասում մեզ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի”, և դարձյալ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես գնում եմ իմ Հոր մոտ”»։
18 Եվ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ ևս»-ը. չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։
19 Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարց տալ, ու նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, որ ասացի, թե՝ մի փոքր ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի. և դարձյալ՝ մի քիչ ևս, ու կտեսնեք ինձ։
20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի։
21 Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։
22 Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։
23 Եվ այն օրն ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով խնդրեք Հորից, պիտի տա ձեզ։
24 Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։
25 «Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։
26 Այն օրն իմ անունով պիտի խնդրեք. ձեզ չեմ ասում, թե՝ ես պիտի աղաչեմ Հորը ձեզ համար,
27 քանի որ Հայրն ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք ինձ ու հավատացիք, որ ես Աստծուց ելա։
28 Ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ»։
29 Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։
30 Հիմա գիտենք, որ ամեն բան գիտես, և կարիք չկա, որ մեկը քեզ բան հարցնի. դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար»։
31 Հիսուսը պատասխանեց նրանց. «Այժմ հավատո՞ւմ եք.
32 ահա պիտի գա ժամանակը և արդեն իսկ եկել է, երբ կցրվեք յուրաքանչյուրդ ձեր տեղն ու ինձ միայնակ կթողնեք. սակայն ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։
33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։