John 14
1 «Թող չխռովվեն ձեր սրտերը. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։
2 Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու.
3 Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։
4 Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։
5 Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, եթե չգիտենք՝ ո՛ւր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»։
6 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։
7 Եթե ինձ ճանաչեիք, կճանաչեիք և իմ Հորը. բայց այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան»։
8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը ցո՛ւյց տուր մեզ, և այդ բավական է մեզ»։
9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում՝ “Հորը մեզ ցո՛ւյց տուր”։
10 Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։
11 Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ. եթե ոչ՝ գոնե գործերի՛ համար հավատացեք ինձ։
12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։
13 Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով, կկատարեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։
14 Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես այն կկատարեմ»։
15 «Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները.
16 և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի.
17 Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։
18 Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։
19 Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։
20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ու ես՝ ձեր մեջ։
21 Ով իմ պատվիրաններն ընդունում է, դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։
22 Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։
23 Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։
24 Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։
25 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։
26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։
27 «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։
29 Եվ հիմա՝ նախքան լինելն ասացի ձեզ, որպեսզի երբ լինի, հավատաք։
30 Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ. գալիս է այս աշխարհի իշխանը և ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։
31 Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։